Վրաստանում ավելի հայամետ քաղաքականություն կտեսնենք. Էրոյանց
Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
«Վերջին տասնամյակում Վրաստանում բավականին ուժեղացել էր թուրք-ադրբեջանական գործոնը և կարծես հայկական գործոնն ավելի հետ էր մղվել, ինչը ցավալի էր: Կարծում եմ, որ հետագայում հնարավորություն ենք ունենալու ավելի հայամետ քաղաքականություն տեսնել Վրաստանում»,-ասաց Էրոյանցը:
Ըստ վրացագետի, եթե համեմատելու լինենք Սաակաշվիլիի իշխանության ժամանակաշրջանը, երբ վարվում էր պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականություն, ներկայումս այս գործոնները թուլացման միտում ունեն, իսկ հայկականը՝ կայունացման:
Նրա խոսքով՝ արդեն նախանշվում են Իրան-Վրաստան-Հայաստան համագործակցության տարբեր ձևաչափեր և սրանում մեծապես կշահեն ոչ միայն այս երկրներն, այլև տարածաշրջանային անկախությունը:
«Որքան հնարավորություն ստեղծվի ռուս-վրացական հարաբերությունների բարելավման համար, այնքան նաև հայկական գործոնի ազդեցությունը կմեծանա»,-հավելեց Ալիկ Էրոյանցը: