Սկսվել է .հայ դոմենային գոտում դոմենային անունների գրանցման շուկայի առաջխաղացման գործընթացը. Սաղյան
Հայատառ .հայ դոմենի առաջնային գրանցման փուլը սկսվել էր 2015 թ. սեպտեմբերի 1-ից և շարունակվել մինչև 2016-ի հունվարի 31-ը ներառյալ: Փետրվարի 1- 29-ը կընթանա հայատառ .հայ դոմենային գոտում դոմենային անունների գրանցման շուկայի առաջխաղացման գործընթացի փուլը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:
Նրա ներկայացմամբ, այս ժամանակաշրջանում հայատառ դոմենային անունները տրամադրվում են մրցակցային հիմունքներով: Նշված փուլի նպատակն է ապահովել տարբեր դոմենային անունների նկատմամբ հավակնող անձանց հավասար պայմաններ՝ անունները գրանցելու համար, և բացառել սքվոթինգը և չարաշահումները: Շուկայի առաջխաղացման գործընթացի փուլում դոմենային անուն գրանցել ցանկացող անձինք դիմում են էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նշելով պահանջվող տեղեկատվությունը: Եթե ժամանակահատվածի ավարտին նշված դոմենային անվան համար ներկայացվել է միայն մեկ դիմում, ապա դոմենի գրանցման իրավունքը անցնում է հայտատուին:
Եթե նույն դոմենային անվան համար շուկայի առաջխաղացման գործընթացի փուլի ընթացքում դիմել են մեկից ավելի հայտատուներ, ապա տվյալ փուլի ժամկետի ավարտից հետո նրանց առաջարկվում է ներկայացնել տվյալ դոմենային անվան նկատմամբ առաջնայնությունը հաստատող ապացույցներ: Դոմենային անվան նկատմամբ առաջնայնությունը հաստատող ապացույցներ չունենալու դեպքում, հայտատուներին կառաջարկվի դոմենային անվան գրանցման իրավունքի համար փակ աճուրդային տարբերակ: Շուկայի առաջխաղացման փուլում դոմենային անվան նկատմամբ առաջնայնության իրավունք ունեն տվյալ դոմենային անվանը նույնական, կամ նման ապրանքային նշաններ, ֆիրմային անվանումներ կամ հեղինակային իրավունքի այլ օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունք ունեցող անձինք: Ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ sunrise.itc.am կայքից:
Գ.Սաղյանը տեղեկացրեց, որ մարտի 1-ից հետո գրանցումն ազատ է լինելու, ոչ մի առավելություն, նախապատվություն չի լինելու:
Պատասխանելով հարցն, թե արդեն քանի՞ հոգի է դիմել .հայ դոմեն ունենալու համար, նա ասաց, որ բոլոր պետական հիմնարկությունները պաշտոնապես ուղարկել են լրիվ անունը և հապավումով: Բացի այդ, ըստ նրա, մոտ 100 կազմակերպություն հայտ է ներկայացրել գրանցելու համար:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք հայատառ դոմենը չի փոքրացնում, նեղացնում որոնման հնարավորությունները, Գ.Սաղյանը նախ ասաց, որ այդպես է, ապա հավելեց. «Ինչքան լավ կլիներ, որ աշխարհում մեկ լեզու լիներ, բայց քանի որ լեզուները տարբեր են, պետք է հնարավորություն տրվի, որ յուրաքանչյուր լեզու զարգանա: Սա լեզվի զարգացման ուղիներից մեկն է: Կա մեկուսացման վտանգ, մյուս կողմից չզարգացնե՞նք մեր լեզուն»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին