Ուրֆայում երբեմնի հայկական որբանոցը վերածվելու է առևտրի կենտրոնի
Հայոց ցեղասպանությունից հետո որբացած հայ երեխաների համար Ուրֆայում իբրև որբանոց ծառայած կառույցը պետք է վերածվի առևտրի կենտրոնի: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցի:
Որբանոցի տարածքը հայտնի է նաև որպես ճամբար, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ հավաքել էին տարագրված հայերին:
2006-ին գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթհուլահ Գյուլենի հետ մոտ հարաբերություններով հայտնի «Աթլաս Հոլդինգ» և «Տի.Էն.Առ.» կազմակերպությունները դիմել էին մշակույթի նախարարություն որբանոցի տարածքում 5 աստղանի հյուրանոց կառուցելու համար: Դիմումն ընդունվել էր միայն 2010-ին: Նախատեսվում էր, որ նախագիծը կավարտվի 2014-ին, սակայն Գյուլենի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև ծագած խնդիրների պատճառով ծրագիրը հետաձգվել էր: Հետագայում տարածքը տրվել է Զբոսաշրջության ներդրումների կազմակերպությանը: Ներկայումս նախատեսվում է որբանոցի տարածքում կառուցել առևտրի կենտրոն: