Մի քանի փաթիլ ձյուն, ու Երևանում երթևեկությունն էլի կաթվածահար վիճակում է
Վաղ առավոտից Նորքի բնակիչները դժգոհում ու ահազանգում են: Ձյան պատճառով երթևեկությունը Գայի պողոտայում, ու ոչ միայն. կաթվածահար է եղել: Մարդիկ սովորական օրերի՝ 10 րոպեի ճանապարհն անցել են 1-2 ժամում:
Ավան վարչական շրջանի բնակիչներն էլ դժգոհում են, որ հասարակական տրանսպորտը լավ չի աշխատում: Կանգառներում հերթեր են գոյացել, մարդիկ ավելի քան մեկ ժամ սպասել են՝ աշխատանքի հասնելու համար: Շատ դեպքերում ստիպված մի քանի տրանսպորտ են փոխել:
Այս համատեքստում ուշագրավ է, որ քաղաքապետարանը տնտեսվարողներին ու ոչ թե քաղաքի մաքրության համար պատասխանատու ընկերությանն ուղղված հորդորով է հանդես գալիս:
«Հարգելի տնտեսվարողներ,
հիշեցնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու որոշման` ձեր օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր եք իրականացնել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները»,-ասված է քաղաքապետարանի հորդորում:
Լավ կլիներ, քաղաքապետարանն իր հետ պայմանագիր կնքած «Սանիթեք» ընկերությանը հուշեր, որ կարելի է հետևել եղանակի վերաբերյալ կանխատեսումներին ու պահանջեր, որ գործն անի պայմանագրով նախատեսված պահանջներին ու ժամկետներին համապատասխան:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞վ էր «Սանիթեք»-ին սպառնում Տարոն Մարգարյանը. Ենթադրություններ՝ ըստ պայմանագրի
- Տարոն Մարգարյանը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել «Սանիթեք»-ի նկատմամբ