Սյան ընկնելու մասին հարցերը հունից հանեցին «Երքաղլույս»-ի աշխատակիցներին
Ավան վարչական շրջանում՝ Մալյան փողոցում այսօր լուսավորության սյուն է ընկել: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարել է ու նշել, որ հազիվ է կարողացել մեքենան փախցնել:
Երևանում լուսավորության սյուների վիճակի մասին հոգ տանողը «Երքաղլույս» ընկերությունն է: Ընկերության դիսպետչերականի պետ ներկայացած անձանավորությունը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգը ստացել են, սյունը ճանապարհից հեռացել են, թե ինչու է ընկել, չգիտեն, թե երբ կվերանորոգեն, հայտնի չէ:
Այլ հարցերի չեն պատասխանում, դրա փոխարեն ընկերության գրասենյակ են հրավիրում:
Մինչ այս անձնավորությանը լսափողը հանձնելը արտաքին լուսավորության հերթապահությունից դիսպետչերը նախ ասաց, որ հարցերին պատասխանել կարող է:
«Ես ինքս էլ կարող եմ հարցերին պատասխանել ավելի կիրթ, քան դուք կարծում եք»,- ասաց նա, իսկ վերջում հորդորեց՝ հարցերն ուրիշին ուղղենք: Նա նաև խորհուրդ տվեց՝ «հարցեր տալուց առաջ թեման ուսումնասիրել»:
Հետաքրքիր է, առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալուց բացի, այս պարագայում ում կամ ինչի միջոցով պետք է ուսումնասիրություն իրականացնի լրագրողը:
Ինչևէ: Կոպիտ տոնով խոսացող դիսպետչերը նախ ասաց, որ ամենօրյա ուսումնասիրություն են իրականացնում՝ պարզելու, թե ինչպիսի վիճակում են գտնվում Երևանի սյուները: Այդ գործին լծված է 8 բրիգադ: Եթե նկատվում են թուլացած սյուներ, ապա կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ:
«Յուրաքանչյուր տեղամասում մոտավորապես 8 հազարից 10 հազար սյուն կա, և այդ ամբողջ կաբելային միացումները, լույսերը, լամպերը և այլն, որը տեխնիկապես հնարավոր չէ վերահսկել»,-իր նախորդ ասածին հակասեց Panorama.am-ի զրուցակիցը:
Ընկերության աշխատակիցն ապա փորձեց հասկանալ. «Հիմա ձեր հարցման միտումը ինչո՞ւմն է»: Ասացինք, հարցերը միտում չունեն: Բավականին զարմացավ. «Ոոոո՞նց միտում չունեն»:
Լուսանկարները՝ Ֆեյսբուքից: