Morgan Stanley-ն վատացրել է Ռուսաստանի վերաբերյալ տնտեսական կանխատեսումները
Morgan Stanley միջազգային վարկանիշային կազամկերպությունը վատացրել է 2016-2017թթ-ի Ռուսաստանի համար արված տնտեսական կանխատեսումը` հաշվի առնելով նավթի գների անկումը:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը` Morgan Stanley-ի մասնագետները կանխատեսում են, որ 2016թ-ին ՌԴ ՀՆԱ-ն կկրճատվի 2,1%-ով` նախորդ 0,8%-ի փոխարեն: 2017թ-ին կանխատեսվող 1,7% տնտեսական աճը նույնպես նվազեցվել է, և այժմ կանխատեսվում է 0,9% աճ:
Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների վատացումը կապված է 2016-2017թթ-ին նավթի գների վերաբերյալ հրապարակված կանխատեսումների հետ: Ըստ դրանց` 2016թ-ին Urals տեսակի նավթի միջին գինը կազմելու է 35 դոլար (նախորդ 50 դոլարի փոխարեն), իսկ 2017թ-ին կազմելու է 39 դոլար (նախորդ 56 դոլարի փոխարեն):
«Մենք սպասում ենք, որ ռուբլու փոխարժեքը կշարունակի հետևել նավթի գնանշումների դինամիկային` օգնելով ՌԴ տնտեսությանը ընտելանալ պայմաններին: Սակայն ռուբլու արժեզրկումը բերելու է նաև ինֆլյացիայի մեծացմանը, ինչը ՌԴ ԿԲ-ի համար կսահմանափակի հիմնական տոկոսադրույքի իջեցման հնարավորությունները», - ասված է կազմակերպության եզրակացությունում:
Ըստ այդմ` կանխատեսվում է, որ ՌԴ ԿԲ-ն առանցքային տոկոսադրույքը չի իջեցնի մինչև 2016թ-ի չորրորդ քառորդ: