ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցում հույս է հայտնվում, որ իրենց արված առաջարկները ՀՀ-ն նկատի կառնի. Նախարար
«Ի լրացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հայտարարությունների, կարող եմ ասել, որ մեզ ուղղված կից նամակում բարձր է գնահատվում այն շարունակական, արդյունավետ համագործակցությունը, որ հաստատվել է Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև, հույս է հայտնվում, որ իրենց կողմից զեկույցում արված առաջարկները Հայաստանը նկատի կառնի»,- Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցը:
Նախարարի խոսքով, Հայաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ նույն ոգով՝ ուղղված ապագայում Հայաստանի ընտրական համակարգի էլ ավելի բարելավմանը:
Է.Նալբանդյանը նաև ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ընդհանրապես չի զբաղվում հանրաքվեների դիտարկմամբ, քանի որ ԵԱՀԿ մասնակից երկրներն այդպիսի հանձնառություններ չեն ստանձնել, որոնք վերաբերում են հանրաքվեների դիտարկմանը ԺՀՄԻԳ-ի կողմից: Չնայած դրան, ըստ նախարարի, Հայաստանը հրավիրեց ԺՀՄԻԳ-ին մեկ նպատակով, որպեսզի հանրաքվեն անցկացվի հնարավորինս թափանցիկ, շատ դիտորդների ներկայությամբ: Է.Նալբանդյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չորս դիտորդ էր ուղարկել՝ կարճատև, սահմանափակ ժամանակահատվածի համար: