Բնակլիմայական պայմանների հետևանքով Լոռու մարզում խաչքար է վնասվել
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող խաչքարերից մեկը /պետ. ցուցիչ` 5.35.17, 11-12 դդ./ ընկել է պատվանդանից, կոտրվել` բաժանվելով մասերի: Նախօրեին հուշարձանների տարածք հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանների պահապան Սուսաննա Էվոյանը: Այս մասին տեղեկանում ենք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
ՊՄՊ մարզային ծառայության պետը հանձնարարել է մ/ծ պետի տեղակալ, Թումանյանի տարածաշրջանի պատասխանատու Կարեն Յոլչինյանին և հուշարձանի պահապան Սուսաննա Էվոյանին համայնքի ղեկավարի աջակցությամբ խաչքարի մասերը հավաքել կողք-կողքի՝ ոտնակների վրա գտնվող պատվանդանի տակ, որն անմիջապես կիրականացվի տեղացող ձյան դադարելուց հետո:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն առաջիկայում ևս միջոցներ կձեռնարկի խաչքարի հետագա ճակատագրի լուծման համար: