Հայաստան այցելելու իմ որոշումը պայմանվորված է դեպի ծով ելք չունեցող երկրներին աջակցելու ցանկությամբ. Դոկտոր Ախթար
Հայաստանը հետևում է ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին և նոր մետեցումներին` նշելով, որ քայլեր են ձեռնարկվում մեր երկրի զարգացման գործընթացում համաշխարհային հանրության կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների ինտեգրման ուղղությամբ:
Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՏՏՍՀ) գործադիր քարտուղար Դոկտոր Շամշադ Ախթարի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Դոկտոր Ախթարն էլ նշել է, որ Հայաստան այցելելու իր որոշումը պայմանվորված է դեպի ծով ելք չունեցող երկրներին աջակցելու ցանկությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի պատվիրակության Հայաստան կատարած այցի հիմնական նպատակները, մասնավորապես` առաջիկա տարածքային միջկառավարական հանդիպումներին, ինչպես նաև 2016թ. մայիսի 15-19-ը Բանգկոկում կայանալիք հանձնաժողովի հաջորդ նստաշրջանին Հայաստանի մասնակցության, Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման և երկրի սահմանած առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
Դոկտոր Ախթարը նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽՏՏՍՀ-ը հարթակ է ստեղծում տարածաշրջանի երկրների ղեկավարների համար` քննարկելու տարածաշրջանային խնդիրները: Այս ենթատեքստում երկուստեք կարևորվել է զարգացման քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով գործող միջկառավարական հանձնաժողովների դերը: