ՄԱԿ. ԻՊ-ն շարունակում է զբաղվել նավթի վաճառքով
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ԻՊ) շարունակում է զբաղվել նավթի վաճառքով: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հնչեցված ելույթում նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը` հավելելով, որ նավթի վաճառքից ստացված եկամուտները կազմում են խմբավորման ստացած միջոցների հիմնական ծավալը:
Ըստ Ֆելթմանի` նավթի վաճառքը իրականացվում է` չնայած ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ավելի վաղ ընդունած բանաձևին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով` ԻՊ-ն ունակ է արագ և արդյունավետ մոբիլիզացնել հսկայական ռեսուրսներ:
Ֆելթմանը նշել է, որ ստեղծվելով և ամրապնդվելով Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ-ն գնալով ավելի է ընդլայնում իր գործունեությունը այլ շրջաններում:
«Ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են օկուպացված տարածքների նավթի և այլ բնական ռեսուրսների օգտագործումը, «հարկերի» հավաքագրումը, բռնագրավումը, հնագիտական աշխատանքների վայրերի թալանը, արտաքին նվիրատվությունները, փրկագնի գումարները (գերիների) և այլ ֆինանսական սխեմաներ, ինչպես, օրինակ, միջոցների հավաքման համար համացանցի և սոցցանցերի օգտագործումը»,- հայտարարել է Ֆելթմանը:
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ նիստից առաջ տարածած զեկույցում, որ 2015թ. ԻՊ-ի` նավթի և նավթամթերքների վաճառքից ստացված եկամուտների ծավալը կազմել է 400-500 մլն դոլար:
Նշենք, որ 2015 թ դեկտեմբերի 17-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է հատուկ բանաձև, որը պետություններին պարտավորեցնում է պայքարել ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ, մասնավորապես՝ սառեցնել ակտիվները, արգելել մուտքն ու փոխադրումը, կանխել այն անձանց և կազմակերպություններին զենքի ուղղակի կամ անուղղակի մատակարարումները, որոնք կընդգրկվեն Անվտանգության խորհրդի պատժամիջոցային ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ