ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն. Ադրբեջանի տնտեսական վիճակի վատթարացումը կարող է բերել ԼՂ հակամարտության սրման
ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների շրջանակներում զեկույցով հանդես եկել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլապպերը: Վերջինս զեկույցում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը:
Ջ. Քլապպերի բնորոշմամբ, 2015 թվականը նախանշվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով:
«Բաքվի կողմից համառորեն սպառազինությունները ավելացնելուն զուգահեռ Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացումը մեծացնում է 2016 թվականին հակամարտության սրման հավանականությունը»,- նշել է Ջ. Քլապպերը:
Վերջինս նաև հավելել է, որ Ադրբեջանի խորշումը՝ հանրայնորեն հրաժարվել ԼՂ նկատմամբ իր պահանջներից, և Հայաստանի դժկամությունը՝ զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, կշարունակեն բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը: