Սիրիայում Ռուսաստանի ձախողումը գրեթե անխուսափելի է. «Գազետա.ռու»
Երբ 2015թ-ի սեպտեմբերի 30-ին Մոսկվան նախապատրաստվում էր զորքեր ուղարկել Սիրիա, այդ գործողության հետ բազմաթիվ հույսեր էին կապվում: Դժվար է կոնկրետ նշել, թե ինչ նպատակ էր հետապնդում Պուտինը` հրամայելով հարվածներ հասցնել Ասադի հակառակորդներին, սակայն 3 նպատակներ հստակորեն նշմարվում էին: Այս մասին գրում է ռուսական «Գազետա.ռու» պարբերականը` սիրիական գործողության մասին վերլուծական հոդվածում:
Առաջին հերթին, ըստ պարբերականի, դա հնարավորություն կտար Ռուսաստանին վերադառնալ միջազգային քաղաքականության առաջնագիծ, որտեղից նա հեռացել է 2 տասնամյակ առաջ, այնուհետև իսլամիստների դեմ պայքարում Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը Արևմուտքին ավելի պատրաստակամ կարող էր դարձնել հարցերի լայն շրջանակների վերաբերյալ քննարկումների համար: Երրորդ հերթին, ըստ պարբերականի, հենց Սիրիայում Ռուսաստանը պետք է ցույց տար, որ ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող գունավոր հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է:
Սկզբում, ինչպես նշվում է, ամեն ինչ լավ էր ընթանում, Ռուսաստանը արագ հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Սակայն հետո տեղի ունեցավ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը թուրքական օդուժի կողմից, որից հետո տարածաշրջանում արմատապես փոխվեց իրավիճակը. Թուրքիան դարձավ Ռուսաստանի թիվ մեկ թշնամին, իսկ Վաշինգտոնը, Լոնդոնն ու Բրյուսելը հասկացան, որ Մերձավոր Արևելքում հայտնվել է նոր խոշոր խաղացող, ով ամենաքիչն է ցանկանում, որպեսզի Ռուսաստանը ներխուժի ինչպես իր օդային տարածք, այնպես էլ համաշխարհային քաղաքականության «էլիտայի» շրջանակ:
Ըստ պարբերականի` ՄԱՆ-ն ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին ամպագոռգոռ արտագահտություններից հետո վերջապես անցավ գործողությունների, ինչի հարցում մեծ է Ռուսատանի շնորհը, քանզի վերջինս ցույց տվեց, որ Մերձավոր Արևելքում առաջացած վակուումը կարող է լցվել ոչ միայն ահաբեկչությամբ:
Անդրադառնալով Սիրիայում կոալիցիոն ուժերի կողմից ցամաքային զորքեր տեղակայելու և ահաբեկիչների դեմ գործողություններ ծավալելու հեռանկարին` պարբերականը գրում է, որ Ռուսաստանը չի ունեցել և ակնհայտորեն չունի ծրագիր, թե ինչպես պետք է գործի, եթե սիրիական հակամարտությունը մասշտաբային ձևով միջազգայնացվի: Ըստ այդմ` հոդվածագիրը Սիրիայում Ռուսաստանի ձախողումը գրեթե անխուսափելի է համարում, ինչը ծայրահեղ բացասական հետևանքներ կունենա այդ երկրի համար: