Եգորյան. Հանրաքվեի ընթացքում խախտումներից որևէ մեկի դեպքով լիարժեք քննություն չի իրականացվել
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամներն այսօր «Մեդիա կենտրոն»-ում ներկայացրեցին սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին ամփոփիչ զեկույցը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասաց, քվեարկության օրն իրենց դիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ հանրաքվեն ուղեկցվեց շատ ավելի կոպիտ խախտումներով, քան նախատեսում էին:
«Նույնիսկ մոռացված խախտումներ, մոռացված բռնություններ կարծես ի հայտ եկան, վերականգնվեց այդ պրակտիկան: Հանրաքվեն այդ խախտումներով, բռնություններով, մեծ ծավալի լցոնումներով, վարչական ռեսուրսների չարաշահմամբ որևէ կերպ չի կարող համարվել լեգիտիմ, ոչ գործընթացը, ոչ արդյունքները»,-ասաց նա:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ արձանագրված խախտումների վերաբերյալ բողոքներով, դիմումներով, հաղորդումներով համապատասխան մարմիններին ներկայացրած ոչ մի դեպք լիարժեք ու արդյունավետ քննության չի ենթարկվել, ոչ մի դեպքով բազմակողմնակի կամ օբյեկտիվ քննություն չի իրականացվել:
«Բոլոր դեպքերով, բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պետական մարմինները փորձել են ձևական պատճառաբանություններով սպառել այդ բողոքները, մերժել ու առանց քննության թողնել կամ էլ դեկլարատիվ հայտարարություններով հերքել»,-ասաց նա:
Գլխավոր դատախազությունից երեկ հայտնեցին, որ փետրվարի 9-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 72 քրեական գործ: 19 քրեական գործ 22 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 30 քրեական գործերով 34 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 5 քրեական գործով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին