Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Բագրատյանը կոնսոլիդացիայի պոտենցիալ չունի. «Առավոտ»
«Ես կարծում եմ, որ Բագրատյանն ընդամենն ասել է, որ այս վիճակը պետք է շտկվի. իշխանությունն արդեն բավականին շուտ պատրաստվում է ընտրություններին, և, ցավալիորեն, ընդդիմությունը հապաղում է: Առաջիկայում սպասվող գործընթացները առաջնայնություն են ստեղծում ընդդիմությանը նաև շտապելու»,- անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ կոալիցիա ստեղծելու մտադրությանը՝ «Առավոտի» հետ զրույցում ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշել է, որ կոնսոլիդացիայի հնարավորությունը կախված է նրանից, թե ով կլինի նախաձեռնողը՝ ավելացնելով, որ ի տարբերություն ազգայնական, ձախական ուժերին՝ ազատական ուժերը ավելի դժվարությամբ են համախմբվում, հատկապես Խորհրդային Միության երկրներում:
«Ճիշտն ասած՝ ամենևին ոչինչ չունենալով Հրանտ Բագրատյանի դեմ, բայց 2013-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ինքը կոնսոլիդացիայի մեծ պոտենցիալ չունի: Ես կուզեմ, հաջողություն եմ մաղթում բոլորին, բայց համենայնդեպս, նկատում եմ նրա 2013-ի փորձը, որը նույնպես կոնսոլիդացիայի օրինակ էր և այդքան էլ հուսադրող չէր»,-«Առավոտի» հետ զրույցում ասել է Ստյոպա Սաֆարյանը: