Բենզինը մեծ չափով հարկվում է, և դա իր ազդեցությունն է թողնում գների մակարդակի վրա. Շաբոյան
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրկին անդրադառնալով բենզինի գներին՝ նշեց, որ բենզինի շուկան մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:
«Լայնածավալ ուսումնասիրություններ ենք իրականացնում պետական գնումների ոլորտում, իհարկե ուշադրության կենտրոնում են այն շուկաները որտեղ կան խոշոր ընկերություններ»,- նշեց նա:
Հարցին, թե ի վերջո ինչն է պատճառը, որ Ռուսաստանում և Վրաստանում բենզինն ավելի էժան է, քան Հայաստանում, Արտակ Շաբոյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել Ռուսաստանի կառավարության քաղաքականությունը ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ:
Հարցին, թե հնարավո՞ր է` Հայաստանի հարկային դաշտում գործող խոշոր հարկերն են պատճառը, որ ներկրող ընկերությունները չեն իջեցնում բենզինի գինը, Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Իհարկե, հարկերն իրենց նշանակությունը, էական ազդեցությունը թողնում են գնագոյացման գործընթացի վրա: Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 տոկոս, այսինքն` բավական փոքր է և դա պայմանավորված է նրանով, որ մենք ռուսական շուկայից ենք ձեռք բերում: Ռուսաստանում հարկերը մեծ կշիռ ունեն բենզինի գնի մեջ, բացի այդ, տեղափոխման ծախսեր են կատարվում և այնուհետև մեր երկրում նույնպես բենզինը մեծ չափով հարկվում է, և հարկերը մեծ տեսակարար կշիռ են, որոնք, բնականաբար, իրենց ազդեցությունն են թողնում գների մակարդակի վրա»: