Դատախազության 2015 թվականի գործունեությունը բավարար է . Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր տեղի ունեցած ԼՂՀ դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստի ժամանակ 2015 թվականի գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահի բնութագրմամբ՝ ողջ իրավապահ համակարգի համագործակցության արդյունքում հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվել է քրտնաջան և մեծ համատեղ աշխատանք, ինչի շնորհիվ մեր հանրապետությունում ապահովվել է հասարակական անվտանգության բարձր մակարդակ:
Միևնույն ժամանակ, Նախագահ Սահակյանն անդրադարձել է համակարգում առկա մի շարք խնդիրների, կարևորել դրանց արդյունավետ լուծումը:
«Անցած տարիների ընթացքում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հասել ենք մեր երկրի կայուն զարգացմանը և մեր ավանդույթների շնորհիվ շահեկանորեն տարբերվում ենք բարեխղճությամբ ու օրենքի հանդեպ ունեցած հարգանքով: Դա այն արժեքն է, որն անհրաժեշտ է պահպանել»,- իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը: