Խմբագիրը հեռացրել է աշխատակիցներին` իրեն գաղտնի քննարկելու համար
Մշակութային ու ժամանցային Time Out միջազգային պարբերականի մոսկովյան մասնաճյուղի խմբագիրը աշխատանքից հեռացրել է խմբագրակազմի մեծ մասին` Facebook սոցիալական ցանցում ստեղծված գաղտնի զրուցարանում իրեն քննարկելու համար: Իր որոշման մասին խմբագիր Գենադի Ուստիյանը գրել է սոցիալական ցանցի իր էջում, տեղեկացնում է «The Runet»-ը:
Ուստիյանի խոսքով, աշխատակիցներին ինքը խնդրել է սեփական կամքով հրաժարական տալ: Նա ասել է նաև, որ պատրաստ է յուրաքանչյուր աշխատողին բնութագիր տալ հետևյալ բովանդակությամբ` «Լավ աշխատող է: Ճիշտ է, նա ներողություն չի խնդրում 40 րոպե ուշանալու համար»:
Լրագրողներից Պավել Կիտսկին իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե չի կարծում, որ նորմալ մարդը կարող է աշխատել «Time Out»-ում խմբագիր Ուստիյանի ղեկավարությամբ: Նա կիսել է կնոջ գրառումը, որտեղ խմբագրի վերաբերյալ նշվում է հետևյալը. «Լրագրողները ոչ մի ազատ օր չունեն, ավելին` տոն օրերին ազատ չեն, աշխատում են 7 օր 24 ժամ: Մարդկանց նյարդայնացնել, հիմարացնել ու ստիպել հրաժարական ներկայացնել և հետո ֆեյսբուքի տաքուկ անկյունում գրել, որ ոչ մեկ չվերցնի նրանց աշխատանքի, ստորություն է», -գրել է լրագրողի կինը:
Ըստ աղբյուրի, սա առաջին դեպքը չէ, որ աշխատակիցները հեռացվում են գաղտնի զրուցարաններում զրուցելու համար: 2015-ի հոկտեմբերին «Yandex»-ը հեռացրել էր «Կինոպոիսկ»-ի իր աշխատակազմի կեսին` «Skype»-ում կայքի նոր տարբերակի քննադատության համար:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ․ Գործատուն իրավունք ունի կարդալու աշխատակիցների նամակագրությունները
- Ֆեյսբուքը դատարանի առջև կկանգնի օգտատերերի անձնական նամակագրությունը սքանավորելու համար