Էլեկտրոնային համակարգը կոչված է ապահովելու վստահության բարձրացումը. Հրայր Թովմասյան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի հետ կապված Հայաստանի իշխանություններին արված ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին, ասաց, թե Հայաստանն ինքիշխան պետություն է, և այդ բոլորը, ինչ որ ասում են, դրանք գործընկերային հարաբերությունների մեջ են:
«Հայաստանը երբեք չի անում ինչ-որ բաներ, միայն ինչ-որ կառույցներին հաճոյանալու կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք: Այն առաջարկությունները, որոնք արել է ԺՀՄԻԳ-ը, հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, պետք է ասեմ, որ դրանք հաշվի են առնված և նախագծում դրանց մեծ մասն իրացված է»,- ընդգծեց Հրայր Թովմասյանը:
Հարցին, թե Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ինչ փուլում են, և արդյոք հստակեցված է էլեկտրոնային քվեարկության հարցը, պատասխանեց. «Էլեկտրոնային քվեարկության մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, մեկը լսել է, մեկը տեսել է, մեկին պատմել են: Իհարկե՛, ներողություն եմ խնդրում մի քիչ կատեգորիկ լինելու համար»:
Ըստ Հ.Թովմասյանի՝ բոլոր այն երկրներում, որտեղ չկա վստահություն ընտրական համակարգերի նկատմամբ, խորհուրդ չի տրվում էլեկտրոնային համակարգի ներդրումը:
«Էլեկտրոնային համակարգն իր հերթին կոչված է ապահովվելու վստահության բարձրացումը: Այս խնդրի լուծումը պետք է տեսնել հետևյալ համատեքստում. այդ համակարգերը պետք է պատրաստված լինեն միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից, դրանք պետք է անցնեն միջազգային աուդիտ, դրանց երաշխավորը պետք է լինեն միջազգային կառույցները: Այդ համակարգերն անձեռնմխելի են, ոչ ոք չի կարող այդ համակարգերին մուտք գործել և ինչ-որ բան փոխել»,-ասաց Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ եթե չկան այդ համակարգերը, ապա շարունակելու են մտածել, թե ավանդական «թղթային եղանակով» ինչպես դրանք անել:
Միաժամանակ, Թովմասյանը նկատեց, որ հասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ, ինչն էլ խանգարում է նաև էլեկտրոնային քվեարկության համակարգին անցնելուն։