Ինչպես Թուրքիայի ԱԳՆ-ն Հռոմի պապին վերագրեց գոյություն չունեցող հայտարարություն. «Հրապարակ»-ի հետաքննութունը
«Հրապարակ»-ն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապին վերագրված հայտարարությանն ու գրել է. «…ոչ Սուրբ Աթոռի Bollettino-ում որևէ նյութ կամ հայտարարություն կար Հայոց ցեղասպանության թեմայով, ոչ էլ «Հայոց ցեղասպանություն» կամ Թուրքիայի ԱԳՆ խոսնակի օգտագործած «1915-ի ողբերգական դեպքեր» բառակապակցությամբ էր փետրվարի 3-ին թվագրվող նյութ գտնվում: Իհարկե, VIS որոնման համակարգը նշված բառակապակցություններով բերում էր տասնյակ նյութեր, բայց դրանք ոչ մի կերպ չէին համընկնում ԱԳՆ խոսնակի ներկայացրածին: Կատարյալ հանելուկ էր, թե Թուրքիայի ԱԳՆ-ն Վատիկանի ինչ աղբյուրի է հղում անում: Թուրքիայի մամուլն էլ ուղղակի տիրաժավորել էր ԱԳՆ խոսնակի հիմար հայտարարությունը՝ առանց փնտրելու կամ հասկանալու բուն Վատիկանի լուրը, որին իրենց խոսնակը, իբր, հղում էր անում:
Թեև, մյուս կողմից էլ, Թուրքիայի մամուլին չես մեղադրի, այդ մարդիկ մի կողմից օրնիբուն Էրդողանի դեմ են պատերազմում, մյուս կողմից քրդերի հետ բախումներն են լուսաբանում, այլևս չասած փախստականների հետ ճգնաժամի, Սիրիայում սուննիական ցամաքային զորքեր մտցնելու նախագծերի, Էրդողան-Պուտին գզվռտոցի նոր սերիաների… մասին։ Այնպես որ, այդ խառնաշփոթի մեջ պարզապես իրենց ԱԳՆ-ի լուրը հաղորդել էին-վերջացրել` առանց հիմքը գտնելու:
Բարեբախտաբար, «Ռոյթերսը» հաջորդ օրը` փետրվարի 4-ին, լուր տպագրեց Թուրքիայի դեսպանի Վատիկան վերադառնալու մասին, որտեղից միայն հասկանալի դարձավ, թե ինչ լուրի մասին է խոսում, ավելի ճիշտ՝ խեղաթյուրում Թուրքիայի ԱԳՆ-ն:
Թուրքիայի հղման աղբյուրը «Presentation to the Pope of the book on the Papal fleet in the Dardanelles, 1657» վերնագրով լուրն էր: Թարգմանաբար՝ ««Պապական նավատորմը Դարդանելում 1657-ին» գրքի ներկայացումը Պապին»: Ինչպես լուրի վերնագրում, այնպես էլ տեքստում ոչինչ չկար ոչ հայկական թեմայից, ոչ էլ Պապի խոսքերից: Վատիկանի լուրից հասկանալի է դառնում, որ փետրվարի 3-ի առավոտյան, Ընդհանուր աուդենցիայի (Պապի հետ հավատացյալների հանդիպման) ավարտին մասնակիցներից մեկը` Ռինալդո Մարմարան, որը պատմաբան է, իր վերջերս հրատարակած գիրքն է նվիրել Պապին: Աշխատությունը գրվել է Վատիկանի արխիվային նյութերի հիման վրա և լուսաբանում է 350 տարի առաջ Վատիկանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև Դարդանելի նեղուցի համար մղված պատերազմը, որին մասնակցել է Սուրբ Աթոռի նավատորմը: Ֆրացիսկոս I Պապը որևէ կերպ արձագանքել է նվիրատվությանը, թե ոչ` չի հաղորդվում: Նվիրատվության մասին հաղորդելով՝ Վատիկանի լրատվական ծառայությունը ևս երկու-երեք պարբերություն է ավելացրել 1657-ի պատերազմի, անցյալը ճանաչելու, բռնությունները դատապարտելու թեմաներով, որոնք, հասկանալի չէ` գոնե VIS-ի՞ մոտեցումներն են, թե՞ գրքի հեղինակի նախօրեին հայտնած մտքերը: Ամեն պարագայում, լուրի տեքստում ոչ միայն չկա Պապի խոսքից թեկուզ մեկ բառի մեջբերում, այլև ֆիզիկապես չկա որևէ բառի, ֆրազի, մտքի վերագրում Պապին»:
Մեջբերելով Վատիկանի լրատվական ծառայության հրապարակած հայտարարության տեքստի ուղիղ թարգմանությունը՝ թերթը գրել է. «Սա է լուրը (ավելի ստույգ՝ լուրի հիմնական հատվածը, որին հետևում են երկու ավելի ընդհանրական պարբերություններ), որը Թուրքիան ջանացել է վերագրել Հռոմի պապին, ավելին` ներկայացնել իբրև Պապի կողմից «Հայոց ցեղասպանության հարցում» որդեգրած և երիցս բարձրաձայնված դիրքորոշման վերանայում: Ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիների` Կարթագենը Բաքու ընկալելու դեպքում, Թուրքիայի ԱԳՆ-ում էլ, երևում է, մտավոր խնդիրներ ունեն, որ, անկախ սևով սպիտակին գրվածից, հասկանում են այն, ինչ ցանկանում են, ասվածի ու իրենց ընկալածի միջև ինքնուրույն կապ հորինելով: Կամ էլ Անկարայում այնքան են տուժել իրենց դեսպանին Սուրբ Աթոռից ետ կանչելով, որ աղաչել ու մուրացել են Սուրբ Աթոռից թեկուզ VIS-ի մակարդակով մի կերպ Թուրքիային առնչվող ոչ բացասական մի լուր տարածել, որից կառչելով, ներքին լսարանի առջև այն խեղաթյուրելով, կարողանան իրենց դեսպանին ետ ուղարկելու ֆոն ապահովել: Ինչպիսի՜ նվաստացում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց