Բրյուսելում հաշվել են Շենգեն գոտու տապալման բացասական հետևանքները
Եվրոպայում գլուխ բարձրացնող միգրացիոն ճգնաժամը հարկադրել է եվրոպացի պաշտոնյաններին հաշվել այն բոլոր կորուստները, որոնք ի հայտ կգան, եթե ճգնաժամի արդյունքում փլուզվի Շենգենյան գոտին: Փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, հրապարակված գնահատականների համաձայն, Շենգենյան գոտու փլուզումը անդամ յուրաքանչյուր երկրի համար կարող է արժենալ մոտ 18 մլրդ դոլար: Եվրոպական հանձնաժողովի հաշվարկներով, անդամ երկրների սահմաններին լրացուցիչ վերահսկողական միջոցառումների իրականացումը երկրների համար կարող է արժենալ մինչև 7.1 մլրդ եվրո գումար:
Ինչպես նշվում է, եվրահանձնակատար Ժան Կլոդ Յունկերի փոխանցմամբ, արդեն իսկ ձեռնարկված միջոցառումները սահմանային լրացուցիչ վերահսկողության մասով տարեկան արժենում են մոտ 3 մլրդ դոլար:
Շենգենյան գոտու փլուզման արդյունքում զգալիորեն տուժելու են տրանսպորտային և լոգիստիկ ոլորտները, իսկ վիզային ռեժիմի վերադարձն էլ սահմանափակելու է զբոսաշրջության ծավալները՝ տարեկան մոտ 20 մլրդ դոլար վնաս հասցնելով ԵՄ անդամ երկրներին: