Փաստաբանների պալատի մի խումբ անդամներ Խորհրդի նոր ընտրության պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել
Հայաստանի Փաստաբանների պալատի մի խումբ ստորագրահավաք է նախաձեռնել Փաստաբանների պալատի խորհրդի նոր ընտրություն անցկացնելու պահանջով: Ստորագրահավաք նախաձեռնած փաստաբանները նոր որակի խորհուրդ են ցանկանում ունենալ: Panorama.am-ի տեղեկությունը հաստատեց նաև Փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը:
«Ինձ մոտեցել են իմ շատ լուրջ մի քանի գործընկերներ, որոնք կանգնած են Փաստաբանների պալատի հիմքերում ու խնդրել ստորագրել նախաձեռնության տակ: Նրանք մարդիկ են, ովքեր իրար վրա ֆեյսբուքներում չեն գրում, մարդիկ են, ովքեր ֆեյսբուքի տեղն էլ չգիտեն: Լուրջ մարդիկ են, որ 20 տարվա ընթացքում այս պալատը դարձրել են լուրջ կառույց», -ստորագրահավաք նախաձեռնողներին ներկայացրեց պարոն Սիրունյանը` այդպես էլ չհստակեցնելով` ովքեր են նրանք:
Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է` ստորագրահավաքի նախաձեռնողներից է Երվանդ Վարոսյանը, որը խորհրդի «ըմբոստ» անդամներից մեկն է համարվում, Սիրունյանն ասաց, որ «Վարոսյանը չէ, չհարցնեք, անուններ չեմ տա»:
Նրա խոսքով, Պալատում տիրող վիճակը, երբ գրեթե ամեն ամիս «գզվռտոց է», հոգնեցրել է շատերին, ինչի հետևանքով Պալատի հեղինակությունն է ընկել:
«Լուրջ կառույցի ակտիվ մասնակիցները ամիսներ շարունակ քննարկում են հարցեր էն մասին, թե ով ում վրա ֆեյսբուքում ինչ գրեց: Այսքանից հետո դատարանները, իրավապահները, դատախազությունը, լրագրողները մեզ պիտի լուրջ համարե՞ն», -հավելեց Սիրունյանը:
Հարցին, թե ինքն ի՞նչ դիրքորոշում ունի ստորագրահավաքի վերաբերյալ, Սիրունյանն ի պատասխան ասաց, որ նախաձեռնությունը տեղին է, բայց ինքը դեռ իր ստորագրությունը չի տվել:
«Ես շարքային եմ, ստորգրահավաքի նախաձեռնող չեմ ու կողմ եմ, որովհետև նոր ընտրություններն անհրաժեշտ են` երիտասարդությունը պետք է գա խորհուրդ: Այդ խորհրդում պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են ու ուզում են քաղաքականություն, ռազմավարությոuն որոշել: Խորհուրդը ինքնահաստատվելու տեղ չէ», -հավելեց Սիրունյանը` նկատելով, որ խորհրդի անդամներն իր ընկերներն են և եթե ցանկանում են, կարող են նորից առաջադրվել:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհրդից հեռանալն է պատճառը նաև, որ Սիրունյանը կողմ է նոր Խորհրդի ընտրություններին, փաստաբանը բացասական պատասխան տվեց` ասելով, որ եթե ընտրություններ էլ լինեն, ինքը չի առաջադրվի:
Փաստաբանների պալատի Խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը Panorama.am-ին ասաց, որ ինքը լրագրողներից է տեղեկացել նման նախաձեռնության մասին և այն տեղին չի համարում:
«Միգուցե տրամադրություն ստուգելու համար է նման լուր տարածվել: Նման բանի մասին ես տեղյակ չեմ», -ասաց Մեժլումյանը:
Նրա ներկայացմամբ, խորհրդի ընտրությունների իրավական ընթացակարգ կա` փաստաբանները կարող են փաստաբանների ընդհանուր ժողով հրավիրել, որի օրակարգում կարող է լինել նման հարց:
Մեժլումյանն ասաց, որ խորհուրդը «շատ արդյունավետ, գերծանրաբեռնված» է աշխատում` 2015-ին 300 նիստ է գումարել. «Ինչ վերաբերում է նրան, որ նոր շունչ են ուզում լինի խորհուրդում, ապա պետք է ասեմ, որ Խորհուրդը ընդամենը 2-3 տարի է այս կազմով աշխատում ու բոլորն էլ ընտրված են, բոլորն էլ շատ ձայներ ստացած: Մեզանում գզվռտոց չկա»:
Փաստաբանների շրջանում որոշ դժգոհություն կա, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթները աննախադեպ քանակի են հասնում: Այս առնչությամբ Մեժլումյանն ասաց. «Կան 2 հազարին հասնող փաստաբաններ և այն վարույթները որոնք հարուցվել են ավտոմատ կերպով անցնում են բոլորի վրա. դրանք հիմնականում վերաբերում են անդամավճար չմուծելուն»:
Նկատենք, որ երեկ երեկոյան փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը հայտարարություն տարածեցին` տեղեկացնելով, որ իրենք որևէ կապ չունեն ստորագրահավաքի նախաձեռնության հետ:
«Փաստում ենք, որ փաստաբանների պալատում իրոք շատ բան կա փոխելու, և փոփոխությունների անհրաժեշտությունը միայն պալատի խորհրդով չի սահմանափակվում։ Մեզ ճանաչողները լավ գիտեն, որ նման գործընթաց նախաձեռնելիս դա կանենք բացահայտ, հրապարակավ այդ մասին հայտարարելով։ Միաժամանակ փաստում ենք, որ խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելն ինքնանպատակ չէ մեզ համար, ուստի ստորագրահավաքի նախաձեռնողները կարող են ստորագրելու առաջարկով հանգիստ դիմել նաև մեզ», -ասված էր նրանց տարածած հայտարարության մեջ։