ԱԳՆ. Թուրքիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այն տեղեկություններին, ըստ որի
Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։
«Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են:
Օրեր առաջ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարան: Հանցագործները կապկպել են նրան և կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, ապա` վերցրել տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: