Պաշտպանության փոխնախարար. Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է
Միացյալ Թագավորությունը շարունակելու է զարգացնել բազմակողմանի համագործակցությունն ինչպես առկա, այնպես էլ նոր ոլորտներում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ ներկայում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, հաշվի առնելով ինչպես համագործակցության գործնական ընթացքը, այնպես էլ երկկողմ ռազմաքաղաքական երկխոսությունը:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության՝ այս տարվա հունվար ամսին Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները, ինչպես նաև երկկողմ պաշտպանական համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: