Հայտնի են պոլսահայ ոսկերչի սպանության կասկածանքով ձերբակալված հայաստանցիների անունները
Տրապիզոնում ՀՀ 8 քաղաքացի է ձերբակալվել՝ օրեր առաջ Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու կասկածանքով:
«Էրմենիհաբեր»-ը գրում է. «Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ Դեմիրջիի տան տարածքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքի օրը պայուսակներով և գլխարկներով 3 անձ է մոտեցել նշված հասցեին:
Տեսագրությունների համադրության շնորհիվ պարզվել է, որ կասկածյալները մեկնել են Տրապիզոն: Ըստ վարկածի՝ վերջիններս փորձել են կեղծ անձնագրեր ձեռք բերել և Վրաստանի տարածքով Հայաստան անցնել:
Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից հանցագործության իրականացման մեղադրանքով ձերբակվել է 8 հոգի՝ Արթուր Ա.-ն, Սերգեյ Մ.-ն, Արամ Հ.-ն, Մարինա Է.-ն, Քրիստինե Մ.-ն, Լիդա Բ.-ն, Նարգիզ Մ.-ն, Արմինա Մ.-ն»:
ՀՀ արտգործանախարությունից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ նշյալ սպանության և կողոպուտի կասկածանքով ձերբակալվածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Թուրքիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են
- Ստամբուլում տարեց հայի սպանության գործով ձերբակալվել են հայեր ու վրացիներ