Բոլոր ծրագրերում առաջնահերթությունը պետք է տրվի որակյալ բուժօգնության ապահովմանը. Արմեն Մուրադյան
Բնակչությունը վստահությամբ է լցված երեք ուղղություններով իրականացվող զանգվածային սքրինինգների նկատմամբ, որոնք ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը: Այս մասին նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն՝ ընդունելով Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավար Սուսաննա Հայրապետյանին:
ԱՆ լրատվական ծառայությունից հայտնում են՝ նախարարն ընդգծել է նաև, որ արդյունավետ համագործակցության բարձրանիշը պահպանելու տեսանկյունից, բոլոր ծրագրերում առաջնահերթությունը պետք է տրվի որակյալ բուժօգնության ապահովմանը:
Սուսաննա Հայրապետյանը նախարարին ներկայացրել է իրենց թիմի այն անդամներին, ովքեր վերջերս են ժամանել մեր երկիր առողջապահության ոլորտում առաքելություն իրականացնելու նպատակով:
Նա հանդես է եկել նաև իրականացվող ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկներով:
Հանդիպման ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից առողջապահության ոլորտում իրականացված տասնամյա գործունեության մասին պատմող ֆիլմ, որն հանգամանալից անդրադառնում է փուլ առ փուլ կատարված բոլոր բարեփոխումներին և արդիականացման ծրագրերին: