Պաշտոնյաները շտապում են Նախագահի նստավայր
Այս պահին նախագահի նստավայր են շտապում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ` մասնակցելու ՀՀ նախագահի մոտ կազմակերպվելիք հանդիպմանը:
Նշենք, որ սպասվող հանդիպման մասին այսօր ավելի վաղ հայտարարել էր նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
«ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ», -ասել էր Հակոբյանը:
Քիչ առաջ նախագահական նստավայր մուտք գործեցին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ, Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որը չպատասխանեց լրագրողների հարցերին, թե տեղյա՞կ է ինչու է հրավիրվել նախագահական նստավայր:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չհամարեց ասել, թե ինչ է քննարկվելու կամ խոսվելու Նախագահի հետ հանդիպմանը: «Սա կուսակցական միջոցառում չէ, և ես այստեղ հրավիրված եմ որպես պետական պաշտոնյա, որպես ԱԺ փոխնախագահ», -ասաց Շարմազանովը:
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից նախագահականին մոտեցան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը և ուրիշներ: