Արաբագետ. Կրակը կդադարի, եթե դրան պատրաստ լինեն սիրիական հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերը
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը մեկնաբանում է փետրվարի 11-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սիրիայում կրակի դադարեցման շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստան-ի միջև ձեռք բերված համաձայնությունը;
Իրականում, վերոհիշյալ համաձայնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման մասով գերտերությունների դիրքորոշումներում նկատվում են մերձեցումներ: Խնդիրը կայանում է նրանում, թե որքանո՞վ են պատրաստ կրակի դադարեցմանը սիրիական հակամարտության մեջ ակտիվորեն ներքաշված ինչպես ներսիրիական, այնպես էլ տարածաշրջանային որոշ ուժեր: Պատահական չէին Մյունխենում կայացած երեկվա հանդիպումից հետո հնչած հայտարարություններն առ այն, որ հիշյալ համաձայնությունը կմնա թղթի վրա, եթե այն իրականություն չդառնա Սիրիայում: Հնարավոր է ռազմական գործողությունները դադարեն Սիրիայի որոշ հատվածներում, բայց ներկայիս իրողությունը մեզ հուշում է, որ ամբողջ երկրում կրակի դադարեցում տեղի չի ունենա:
Սիրիայում զինադադարի հասնելու համար գերտերությունների ցանկությունը բավարար չէ: Ավելին՝ ժնևյան բանակցային գործընթացին մասնակցող սիրիական ընդդիմության մեջ կան տարաձայնություններ, որոնք խանգարում են միասնական դիրքորոշում ունենալու այս կամ այն հարցերի շուրջ, ուստի և դժվար կլինի ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նրանց բերել ընդհանուր հայտարարի:
Ավելին, կրակի դադարեցումը չի վերաբերելու «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ալ-Նուսրա» և ՄԱԿ-ի ահաբեկչական կառույցների ցուցակում ընդգրկված այլ կառույցներին:
Այդ մասին ևս համաձայնություն է ձեռք բերվել Մյունխենում: Եթե ռուսական ավիահարվածները շարունակվելու են, իսկ այդ մասին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարեց հանդիպումից անմիջապես հետո, ապա այդ հարվածների, ինչպես նաև ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի օդուժի հրթիռակոծության և ռմբակոծության թիրախում շարունակելու են մնալ հիշյալ կառույցները: Պարզ է, որ այս կառույցները, որոնք իսլամական ծայրահեղ արմատական են, ի սկզբանե դեմ են եղել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, և շարունակելու են մնալ օդային հարվածների թիրախում, չեն կարող դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում, իսկ եթե հաշվի առնենք, որ այդ կառույցները նաև ուղղորդվում են արտասիրիական որոշ ուժային կենտրոններից, ապա բախումներն ու մարտերը դեռևս կշարունակվեն: Ընդ որում, այդ պայքարը կտարվի նաև այն ընդդիմադիր ուժերի դեմ, որոնք գնացել են կրակի դադարեցման:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը