«Թուրքիայի քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ փախստական է դարձել»
Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ լքել են իրենց տները վերջին ամիսների ընթացքում բանակի և քուրդ ակտիվիստների միջև չդադարող ռազմական բախումների հետևանքով: Այս մասին «Ռիա-Նովոստի»-ին հայտնել է «Գյոչ դեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Յլմազ Քանը:
«Բախումներն ընթանում են ամբողջ թուրքական Քրդստանում, խաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները: Ջիզրե քաղաքից (Շրնաքի նահանգ) փախել է մոտ 100 հազար մարդ, Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանից՝ մոտ 35 հազար. ընդհանուր առմամբ, մոտ 200 հազար բնակիչներ լքել են իրենց տները»,- նշել է Քանը: Նրա խոսքով՝ փախստականների մեծ մասը հաստատվել է կամ իրենց կամ հարևան քաղաքներում՝ բարեկամների և ծանոթների տներում. առանձին բնակարաններում բնակվում են 20, 30, անգամ 40 մարդ:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները դեկտեմբեր ամսին պարեկային ժամ էին հայտարարել երկրի հարավ-արևելյան՝ քրդերով բնակեցված մի շարք շրջաններում Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում, Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոպի քաղաքներում, Մարդին նահանգի Նուսայբին և Դարգեչիտ բնակավայրերում, որտեղ շարունակվում են փողոցային մարտերը ուժայինների և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների միջև: Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ դեկտեմբերի կեսերից թուրքական իշխանությունների կողմից հայտարարված հակաահաբեկչական գործողության արդյունքում սպանվել է մոտ 850 քուրդ զինյալ: Քուրդ ակտիվիստներն, իրենց հերթին, պնդում են, որ զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց