ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները նույնպես միանում են Ադրբեջանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախաձեռնությանը
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, կոնգրեսական Լուիզա Սլոութերը միացել է ԱՄՆ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին, այսպիսով` դառնալով կառավարական կուսակցության առաջին ներկայացուցիչը: Հաղորդում է «Contact.az»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բաքվում այս նախագիծը համարում են պրոհայկական՝ հղում անելով այն հանգամանքին, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, հայտնի կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է: Սակայն, ինչպես գրում է աղբյուրը, այս անգամ Ալիևի քարոզչամեքենան դժվար թե կարողանա արդեն նախագծին միացած դեմոկրատ կոնգրեսական Սլոութերին ներկայացնել որպես պրոհայկական հայացքներ ունեցող մարդու, քանի որ վերջինս ադրբեջանական հասարակությանը լավ հայտնի է իր պրոադրբեջանական մի շարք քայլերով:
««Ադրբեջանի ժողովրդավարության ակտը» որևէ առնչություն չունի հայերի հետ: Այն ամբողջությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին է: Հայերը բացարձակապես որևէ ներդրում չունեն այս ամենում և ոչ էլ որևէ նկատառում են արել, կամ որևէ այլ առնչություն այս նախագծի հետ: Ուստի, երբ մեղադրանքներ եմ լսում Ադրբեջանի խորհրդարանից, գլխավոր ԶԼՄ-ներից կամ նախագահի մամուլի խոսնակից, ինձ մոտ հարց է առաջանում առհասարակ տարբեր բաների նկատմամբ այդ մարդկանց հավատի մասին»,- արձագանքելով մեղադրանքներին՝ նշել է նախաձեռնության հեղինակ Քրիստոֆեր Սմիթը:
Ադրբեջանի դեմ սահմանվող պատժամիջոցները կարող են վերաբերել ոչ միայն պետական իշխանության ճյուղերի ներկայացուցիչ պաշտոնյաների, այլ նաև գործարար շրջանակներին, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ: «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» անվանումը կրող պատժամիջոցների նախագիծը, հեղինակների պնդմամբ, Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին պատասխան-արձագանքն է և միտված է կանխելու ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին