Սաուդյան Արաբիան զորքեր է ուղարկել Թուրքիա
Սաուդյան Արաբիան, ըստ տեղեկությունների, արդեն իսկ զորքեր և կործանիչներ է ուղարկել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա՝ Սիրիայում մարտական գործողություններ սկսելու համար: Հաղորդում է «Independent» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, այսօր հայտարարությամբ սաուդյան զորքերի տեղակայումը Թուրքիայում հաստատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Սաուդյան Արաբիան հայտարարել է իր պատրաստակամությունը՝ պայքարելու ԻՊ-ի դեմ՝ ասելով, որ պատրաստ են զորքեր և կործանիչներ ուղարկել: Կոալիցիայի շրջանակներում բոլոր հանդիպումների ընթացում մենք շեշտադրել ենք օգտակար արդյունքներ ապահովող ռազմավարության կարևորության մասին: Ուստի եթե ունենանք այդ ռազմավարությունը, ապա Թուրքիան և Սաուդյան Արաբիան ցամաքից կարող են գործողություններ սկսել»,- հայտարարել է Չավուշղօլուն:
Աղբյուրի փոխանցմամբ, Չավուշօղլուն հաստատել է, որ ռազմական տեխնիկան և անձնակազմը արդեն իսկ ուղարկվել է Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա՝ Սիրիային մերձակա Ադանայում: Միաժամանակ նշվում է, որ սաուդյան զորքերի և ռազմական տեխնիկայի քանակի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել: