Թուրքիայի կառավարությունն շտապում է ազդարարել իր հաղթանակի մասին. Լ. Հովսեփյան
Թուրքիայի կառավարությունն իր հայտարարություններով շտապում է ազդարարել «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ հաղթանակին մոտ լինելու մասին: Թեև Թուրքիայի իշխանությունները հայտարարում են քրդաբնակ շրջաններում հաջող ռազմական գործողությունների մասին, չեմ կարծում, որ առաջիկայում ՔԲԿ-ի գործողությունները կդադարեն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի կառավարության կողմից՝ արևելյան շրջաններում թուրքական բանակի ու անվտանգության ուժերի արդյունավետ գործողությունների և դրանց ավարտին մոտ լինելու մասին արված հայտարարությունները:
«Միգուցե ժամանակ առ ժամանակ ինտենսիվության առումով որոշակի թուլացում կլինի, սակայն իրավիճակը կրկին անկայուն կմնա: Իհարկե, ՔԲԿ-ն զգալի կորուստներ կրեց, սակայն այն զինյալ պայքարը շարունակելու հնարավորություններ ունի և առաջիկայում կրկին լուրջ խնդիրներ կառաջացնի թուրքական պետության համար: ՔԲԿ-ն կարող է մասնակիորեն փոխել մարտավարությունը՝ իր սլաքն ուղղելով դեպի Թուրքիայի արևմտյան շրջանների խոշոր քաղաքներ: Մյուս կողմից, այն ինչ կատարվում է Թուրքիայի անմիջական հարևանությամբ՝ Սիրիայում, չափազանց բարդ իրավիճակի, լուրջ ռիսկերի առջև է կանգնեցրել Անկարային, ինչը նաև իր ազդեցությունն է ունենում Թուրքիայում ՔԲԿ-ի զինյալ գործողությունների վրա:
Մյուս կողմից կառավարությունը ցանկանում է չեզոքացնել ՔԲԿ-ին և, այսպես ասած, քրդական հիմնախնդրի կարգավորման նոր պլանի մեջ բացառել նրա դերակատարությունն ու ազդեցությունը, ինչն էլ ՔԲԿ-ին դրդելու է ակտիվ պահել զինյալ պայքարը: Քրդական խնդրի կարգավորման նոր նախաձեռնությունում պետությունը փորձում է դուրս թողնել ինչպես ՔԲԿ-ին, այնպես էլ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, ինչը, կարծում եմ, չի կարող կառավարության համար սպասված արդյունքը տալ», -նշեց Լ. Հովսեփյանը:
Ըստ թուրքագետի՝ թուրքական բանակն ու անվտանգության ուժերը ևս լուրջ կորուստներ ունեցան այս ամիսների ընթացքում, ինչը վերջին տարիներին ամենաշատ գրանցված կորուստներն էին: ՔԲԿ-ի դեմ պայքարում գործի է դրված թուրքական բանակը, քանի որ անվտանգության մարմիններն ու ժանդարմերիան իրականում չէին կարողանում լրջորեն պայքարել քրդական զինյալների դեմ: Թուրքիայի մի շարք շրջաններում ընթանում էին բավական լուրջ ռազմական գործողություններ: Դրանք պատերազմական գործողություններ էին: Այս ամիսների ընթացքում ավերվեցին քրդաբնակ մի շարք քաղաքներ, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին: Չափազանց մեծ էր նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը: Մինչև օրս էլ թուրքական բանակի կողմից խոշոր գործողություններ են իրականացվում հատուկ տեխնիկայի ու օդուժի կիրառմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ