Բրիտանացիների կեսից ավելին կողմ է ԵՄ կազմից երկրի դուրս գալու գաղափարին
Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին կողմ է ԵՄ կազմից երկրի դուրս գալու գաղափարին: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին են վկայում «ORB International» ընկերության կողմից անցկացված առցանց հարցման արդյունքները:
Ըստ Փետրվարի 24-25-ը անցկացված հարցման` բրիտանացիների 52 տոկոսը աջակցում է դաշինքի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուն: Իր հերթին ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն կողմնակից են հարցվածների 48 տոկոսը:
Հատկանշական է, որ ընդամենը մեկ ամիս առաջ մեծամասնություն էին կազմում ԵՄ-ի անդամակցության պահպանման կողմնակիցները:
Նշվում է, որ առցանց հարցմանը առավել ակտիվ մասնակցել են ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ 65 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնությունը արտահայտվել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին:
Իր հերթին հարցվածների ընդամենը 44 տոկոսն է կիսում երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի այն տեսակետը, թե դաշինքի կազմում Մեծ Բրիտանիան կլինի «ավելի պաշտպանված, ուժեղ և բարեկեցիկ»: Իր հերթին երկրի կառավարության ղեկավարի հետ համաձայն չէ հարցվածների 39 տոկոսը:
Հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում տնտեսության հետ կապված հարցերը ավելի կարևոր են, քան ներգաղթյալների հետ կապված խնդիրները:
Նշենք, որ ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու վերաբերյալ հանրաքվեն նախատեսված է այս տարվա հունիսի 23-ին: