Դեսպանատների ընտանիքները
Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, որերորդ տարին է, երկու նստարանի ու վեց մետր պոլիէթիլենի տակ, հայ հեղափոխական արձանի խրոխտ կերպարի կողքը ապրում է Ֆրանսիա երազող մի ընտանիք։
Սկզբում ԶԼՄ-ները հետաքրքվեցին, գրեցին, հետո ընտանիքը խնդրել էր չգրել իրենց մասին, էլ չգրեցին։ Առանց խնդրանքի էլ երևի արդեն չէին գրի՝ նստած է, էլի, ոչ մի նորություն։ Երեխաները մեծանում են, աղջիկը օրիորդ է դարձել արդեն, տղան սափրվելու կարիք ունի... առավոտյան նստարանին չորանալու են փռում սրբիչները, հետո միասին նախաճաշում են, զրուցում են, կարդում են...։ Ոչ մի ողբերգություն, բան չկա գրելու։ Հետո՝ իրենց ընտրությունն է, չէ՞, ի՞նչ գրես։
Ու այսպես ապրում ենք՝ աչքներիս առաջ անկոտրելի, ուժեղ մի ընտանիք, որ միայն Ֆրանսիա է երազում. «միայն թե գնանք» - «գնում եք՝ գնացեք»։
Կգովեի այս ընտանիքի ամրությունը, եթե հիանայի դրանով ու ասելիքս «ինչպես ունենալ ամուր ընտանիք» թեման լիներ։ Հեշտ չէ ապրել բոլորի աչքի առաջ, երեք նստարանի վրա։
...Այս օրերին Գյումրիում ինքնասպան է եղել բազմազավակ ընտանիքի հայր։ Հոգսը չի կարողացել հոգալ։ Չի կարողացել ու թողել է կնոջ ուսերին՝ և իր կորուստի ցավը, և երեխաներին պահելու, մեծացնելու պատասխանատվությունը։
Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Թեպետ, մի բուռ Հայաստանում երկրորդ-երրորդ, քսաներորդը ո՞րն է՝ աներևույթ խուլ ու անելանելի ծմակ բռան մեջ չի լինում։
... Անցած ամիս, երբ նպաստները կրկին ուշացրել էին, կրկին մի կին եկավ խմբագրություն փող մուրալու։ Երեխան հետը, ինքը պինդ երեսով՝ տվեք, հա տվեք, ուղղակի փողը չեն տվել։ Եթե նույն պնդերեսությամբ փողոց ավլել ուզենար, երևի գործ գտած կլիներ։
Չգիտեմ, գործ գտնելը հեշտ լիներ, գուցե գյումրեցի հայրը երեխաներին կնոջը չթողներ։ Կանայք ուժեղ են՝ նահանջելու տեղ չունեն, եթե նույնիսկ ֆրանսիաներ տանող ու այլ ապրեցնող երազանք չունեն։ Այո՞։
Դեսպանատների զեկույցների ու գրանտների թեմա է։
Ինչքան բան կա գրելու։ Ինչքան բան...։
Իսկ մարդիկ լավ լուրեր են ուզում։ Ո՞վ չի ուզում լավ լուր։ Դեռ եղածից ընտրում ենք՝ ինքնասպանություն չգրել, շանտաժ չգրել, դաժանություն չգրել, հայհոյանք չգրել...։
Գոնե սրանք գրենք, էլի։ Թեպետ՝ հաճախ առանց արդյունքի։ Բայց նաև՝ առանց գրանտի։ Որ լրիվ անտարբեր չդառնանք, սեփական հայրենիքում անտեր մնացած ընտանիքները թողնելով դեսպանատներին։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիի կենդանաբանական այգու հյուծված գիշատիչները շուտով կտեղափոխվեն Ռումինիա
- Նախ սպանել միջի քաղքենուն
- 3 աշակերտով փոքր դպրոցի մեծ խնդիրները. «Մահացող գյուղը դպրոցով է շնչում»
- ԳՅՈՒՄՐՎԱ ԴԻՄԱՊԱՏԿԵՐ. Կիսաքանդ, առանց սանհանգույցի շենքում գոյատևում է քսան ընտանիք, որ հացին «կակա» են ասում
- Աղքատ Գյումրվա դիմապատկերը. Հատկապես ծանր է կանանց վիճակը.տղամարդիկ գնում ու մնում են «դրսում»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ