Գրականագետ. Գրողի մեծությունն այն է, որ ոչ մեկին չպատկանելով՝ պատկանում է բոլորին
Հայաստանում այսօր գրողն ու գրականությունն իրենց պատշաճ, արժանի տեղն են գտնում հասարակության կյանքում: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը:
«Մեր գրողներն ունեն իրենց ուրույն դիմագիծը: Հարցն այն է, որ հնարավոր է ուշ են նկատվում կամ արձագանքն է ուշանում, ինչը կապված է այսօրվա կյանքի հարահոս ընթացքից»,- նշեց նա:
Վ.Դևրիկյանի խոսքով, այսօր հետաքրքրություն, ուշադրություն կա գրքի հանդեպ, ինչը, բնականաբար, լիցք է հաղորդում գրողներին ստեղծագործելու համար, ծնվում են նոր աշխատանքներ:
«Ավանդաբար, ի տարբերություն եվրոպական, մեծ ժողովուրդների գրականության, գրողների, որոնց մոտ ազգային մտահոգությունը, ցավն այդքան արտահայտված չէ, հայ գրողն ընդհանուր գեղարվեստական չափանիշներով առաջնորդվելուց բացի ունի մի տանջող հարց՝ մեր ազգային խնդիրները, որոնք ուղեկցում են գրողին այնպես, ինչպես յուրաքանչյուրիս: Սիամանթոն, ով ունեցել է քնարական չքնաղ բանաստեղծություններ, դրանք հետո ոչնչացրել է՝ ասելով, որ իր գրիչը հայրենիքի ցավից բացի ուրիշ ոչինչ չի կարող երգել: Այսօր իրականությունը որոշ չափով փոխված է, մենք անկախ ենք, մեր սերունդների երազանքը կատարվել է, սակայն այսօր գրողներին մտատանջում է երկրի վիճակը, անվտանգության հարցեր: Հայ գրողներն ավանդույթով որոշակի բարոյական պատասխանատվություն ունեն, ինչպես ասում են, ինքնին արվեստի, գեղարվեստի, գրականության հետ միաժամանակ անդրադառնում են նաև ազգային խնդիրներին, մտահոգություններին»,- ասաց գրականագետը:
Ամեն դեպքում, ըստ Վ.Դևրիկյանի, հայ գրականությունն այսօր ավելի շատ է ինտեգրված համաշխարհային գրականությանը, ուղղություններին, զարգանում է որպես համաշխարհային գրականության մի մաս՝ ունենալով իր ուրույն ազգային դիմագիծը:
Գրականության ինստիտուտի տնօրենը ցավով արձանագրեց, որ այսօր տարբեր գրողներ, ինչ-որ տեղ հոգեբանական չարությամբ լցվելով հայ դասականների հանդեպ, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ ամենաընթերցվածը դասականներ են, փորձում են ցեղ շպրտել նրանց վրա՝ նրանց ստեղծածն համարելով աշուղական:
«Աշուղական գրականությունը թերություն չէ: Դրանով իրենք ոչ թե բարձրանում են, այլ իջնում են ոչնչության աստիճանի, մինչդեռ պետք է փորձեն իրենց գրականությունը, իրենց պայծառացնեն, ոչ թե ուրիշների վրա ցեխ շպրտեն»,- նշեց նա:
Վարդան Դևրիկյանի համոզմամբ, գրողի մեծությունն այն է, որ ոչ մեկին չպատկանելով՝ պատկանում է բոլորին, ինչպես, օրինակ, Հովհաննես Թումանյանը. «Այնպիսի արժեքներ, գաղափարներ են ներկայացված նրա ստեղծած յուրաքանչյուր գործում, որ ժողովրդի դաստիարակության համար շատ կարևոր են, մեծ նշանակություն ունեն»:
Գրականագետի խոսքով, արվեստի, նաև գրականության զարգացմանը նպաստում է քննադատությունը:
«Գրողի համար երջանկություն է, երբ գտնում է իր քննադատին: Քննադատները որոշակի ուղենիշներ, գաղափարներ են տալիս, որոնք օգնում են գրողին կատարելագործելու իր խոսքը, ոճը»,- ասաց Վ.Դևրիկյանը:
Նշենք, որ այսօր Գրողների միջազգային օրն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում