Միգրացիոն գործընթացները՝ Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճի պատճառ
«Աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների պատճառների բացահայտում և վերլուծություն» հետազոտության արդյունքները:
Հիշեցնենք, որ 2014թ սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել ու պարզել, թե ինչով է պայմանավորված մեր երկրում ամուսնալուծությունների թվի աճը: 2015-ին Աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն իրականացրել է այդ հետազոտությունն ու պարզել, որ Հայաստանում իսկապես ավելացել է ամուսնալուծությունների թիվը:
Նրա խոսքերով՝ կատարվել է խորքային հետազոտություն տարբեր շահառուների շրջանակում: Այսպիսով, հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնալուծությունների հիմքում հիմնականում սոցիալական ու տնտեսական խնդիրներն են, միջանձնային հարաբերությունները, վերջին տարիներին՝ գերիշխողը դարձել է մի նոր երևույթ՝ միգրացիոն գործընթացները:
«Միգրացիոն գործընթացներն այսօր դառնում են ամուսնալուծությունների բավական լուրջ պատճառ, քանի որ ամուսիններից մեկը, հիմնականում ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի ու կտրում կապը ընտանիքի հետ, այլ ընտանիք ստեղծում այնտեղ, ինչն էլ, բնականաբար, հանգեցնում է ամուսնալուծության»,- ասաց Գառնիկ Նալբանդյանը:
Նա նշեց, որ ամուսնալուծությունների թիվը համեմատաբար բարձր է Լոռու, Արարատի ու Արմավիրի մարզերում:
«Վերլուծությունների ժամանակ պարզվել է, որ նույնիսկ 6 երեխա ունեցողն է ամուսնալուծվել: Այսպիսի դեպքեր, իհարկե, փոքր տոկոս են կազմում: Հիմնականում մեկ կամ երկու երեխաներ ունեցողներն են ամուսնալուծվում»,- ասաց Գառնիկ Նալբանդյանը:
Նա նաև նկատեց, որ թե Ազգային վիճակագրական ծառայության, թե ինստիտուտի տվյալները ցույց են տվել, որ Հայաստանում ավելացել են այն զույգերի ամուսնալուծությունները, որոնք 20 և ավելի տարի միասին են ապրել: «Ամենայն հավանականությամբ, սա մի կողմից ունի որոշակի սոցիալական հիմք: Մասնավորապես, արտագնա աշխատանքի ավելի հաճախ մեկնում են միջին և բարձր տարիքի տղամարդիկ, ինչ էլ հաճախ բերում է ընտանիքիների քայքայմանը: Սակայն առկա է «կեղծ ամուսնալուծություններ» հասկացությունը և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք կազմում եմ ամուսնալուծությունների 5-6 տոկոսը»,- նշեց Գառնիկ Նալբանդյանը:
Նրա խոսքերով՝ ամուսնալուծության հետևանքները մեղմելու հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ