Թուրքական կողմը հերքել է փախստականների ուղղությամբ կրակ բացելու տեղեկատվությունը
Տեղեկատվությունն այն մասին, որ թուրք սահմանապահները կրակել են թուրք-սիրիական սահմանը հատող փախստականների ուղղությամբ իրականությանը չի համապատասխանում: «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում այս մասին նշել է երկրի հարավարևելյան սահմանամերձ Շանլիուֆրա շրջանի վարչակազմի ներկայացուցիչը:
Նշենք, որ այսօր բրիտանական «The Times» պարբերականը՝ հղում կատարելով Սիրիայի ընդդիմության աղբյուրներին, հաղորդել է այն մասին, որ թուրք սահմանապահները կրակել են սահմանը հատող փախստականների ուղղությամբ: Լոնդոնում գործող մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` այս ամենի հետևանքով վերջին 4 ամիսների ընթացքում զոհվել է 16 փախստական, այդ թվում 4 երեխա:
«Դա բացարձակ ապատեղեկատվություն է: Թուրք զինվորակաները որևէ պարագայում կրակ չեն բացի փախստականների ուղղությամբ: Թուրքիան ընդունել է շուրջ 2,7 մլն փախստականի: Այս ֆոնի վրա նման մեղադրանքները անբարոյական են»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը: