Գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների մերձեցումն այսօր առավել քան արդիական է. Բագրատ Ենգիբարյան
Գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների մերձեցումն այսօր առավել քան արդիական է, քանի որ մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ կան մեծ քանակությամբ գաղափարներ, բայց երկիրը չունի կամ սահմանափակ են այն մեխանիզմները, որոնք հետագայում կյանքի կկոչեն այդ գաղափարները: Այս մասին այսօր ՀՀ ԳԱԱ-ում անցկացվող «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» թեմայով երկօրյա գիտաժողովի ժամանակ ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Դրա վառ օրինակը ապրիլյան պատերազմի ժամանակ բարձրացրած հարցերն էին, որի ժամանակ պարզվեց, որ իրականում կան մեծ թվով գաղափարներ, բայց բացի ֆինանսավորումից, չկան դրանք իրականացնելու մեխանիզմներ: Սակայն սա շատ կարևոր է ոչ միայն ռազմարդյունաբերության, այլ նաև տնտեսության մրցունակության բարձրացման համար»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:
Ներկայացնելով ՏՏ ոլորտում ձեռք բերված հաջողությունները, ՁԻՀ-ի տնօրենն ասաց, որ ինստիտուցիոնալ մասով լուրջ հաջողությունների են հասել: Ըստ նրա, եթե 2002 թվականին Հայաստանում գաղափարների անցկացման մեկ մրցույթ էր լինում, հիմա դրանց քանակն ավելացել է, նույնիսկ հնարավոր չէ հաշվել. «Այսօր նաև արտասահմանյան կազմակերպություններ են Հայաստանում գաղափարների մրցույթ անցկացնում, ինչը ողջունելի է»:
Բագրատ Ենգիբարյանը նշեց նաև, որ Հայաստանում հնարավոր եղավ իրականացնել համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, ինչպես նաև հիմնադրել առաջին վենչուրային հիմնադրամը, որը ֆինանսավորելու է տեխնոլոգիական բիզնեսները:
«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լուրջ զարգացում է ապրում, սակայն կարևոր է արդյունաբերության ու գիտության փոխգործակցությունը: Ուստի նման գիտաժողովի անցկացումը կարևոր նշանակություն ունի, որը կխթանի ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Այն երկիրը, որն ունի գիտելիքի հենքի վրա հիմնված տնտեսություն, շահեկան դիրքերում է»
- ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցության արդյունքում իրական օգուտներ կլինեն. գիտաշխատող
- Գիտաժողով՝ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» խորագրով
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան