Համազգային թատրոնից գողացել են հանգանակության արկղը՝ խոշոր չափի գումարով
«Սոս Սարգսյանի» անվան համազգային թատրոնում ապրիլի 23-ին տեղի է ունեցել գողություն: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանը Panorama.am-ին ասաց, որ գողացել են այն արկղը, որում հանգանակություն էր կատարվում թատրոնի շենք կառուցելու համար: Գումարը կազմել է մոտ 3 միլիոն դրամ: Բացի այս, ըստ նրա, գողացել են երկու համակարգիչ:
Վ.Մկրտչյանն ասաց, որ թատրոնում դրված է եղել նաև մեկ այլ արկղ, որտեղ գումար էր հավաքում ԼՂՀ օգնության համար, սակայն այն գողերը չէին նկատել:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ապրիլի 23-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով /1-ին հարկ/` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից գողացել են գումար, 2 դյուրակիր համակարգիչ և կիթառ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ապրիլի 29-ին, հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1994 թ. ծնված Հայկ Ս.-ն և 1995 թ. ծնված Բաբկեն Շ.-ն: Խուզարկությամբ Հայկ Ս.-ի բնակարանում հայտնաբերվել են իրեղեն ապացույց դյուրակիր 2 համակարգիչները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: