ՊԲ-ի զոհված սպաներից երկուսը ոսկրածուծի դոնորներ էին. Ֆրիդա Ջորդան
«Յուրաքանչյուր հայ զինվորի կորցրած կյանք շատ մեծ վիշտ է մեր բոլորի համար: Այսօր, երբ մենք պարզեցինք, որ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը եղել են մեր հիմնադրամի կամավոր դոնորներ, մեր վիշտը ավելի խորն է, իսկ հիացմունքը նրանց անձնուրացության և հերոսության հանդեպ էլ ավելի մեծ»,- ըստ հաղորդագրության՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ այս մասին նշել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Դր. Ֆրիդա Ջորդանը:
Խոսքը Արցախյան պատերազմի առաջին օրերին պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսի մասին է։
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը որպես ՈԴՀՌ կամավորագրվել են ռեեստրին 2006 ից 2010 թթ:
Ամեն տարի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տասնյակ այլ հաստատություններում, բուհերում, համայնքային կենտրոններում և ՀԿ-ներում անցկացնում է դոնորագրումներ:
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամենամյա ներդրումը ՈԴՀՌ հիմնադրամի ընտանիքի կայացման գործում շատ մեծ է և կարևոր: Հայ զինվորները և սպաները կազմում են մեր կամավորների ստվար մասը: Նրանք ոչ միայն կամավորագրվել են ՈԴՀՌ հիմնադրամին, այլև նրանցից երկուսը՝ Արտակ Լազյանը և Հովհաննես Ալիխանյանը փրկել են մարդկային կյանքեր՝ նվիրաբերելով իրենց ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին»,-ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ