Մենք ընդհանրապես ընտրակաշառք չենք բաժանել. ՕԵԿ-ական
«Մենք հնարավորություն չենք ունեցել կաշառք բաժանելու և երկրորդ ընդհանրապես, չենք բաժանել: Մենք միշտ ստացել ենք մեր վստահության քվեն», -այսօր Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարեց «Օրինաց երկիր/Հայկական վերածնունդ» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը` մեկնաբանելով երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ընտրություններում մուրաբաներ ու պռոթեզներ բաժանողները խոսում են ընտրակեղծիքներից:
Մարգարյանն ասաց, որ ինքը եղել է երեք գումարումների խորհրդարանում, առաջադրվել է մեծամասնական ընտրակարգում և ոչ մի անգամ «որևէ մեկ լումա ընտրակաշառք չեմ բաժանել ցանկացած տեսքով»:
«Եվ Օրինաց երկիր կուսակցությունը, և ես, և մեր բոլոր թեկնածուները ընտրակաշառք չենք բաժանել: Մենք միշտ դեմ ենք եղել նման մոտեցման: Հիմա էլ ասում ենք` գրոշներով չպետք է գնել պատիվ, արժանապատվություն, վստահություն և գրոշներով էլ չպետք է վաճառել ապագա», -հայտարարեց Մարգարյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ՕԵԿ-ը արդյոք մուրաբա չի՞ բաժանել նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ, Մարգարյանը պատասխանեց. «Մենք ընդհանրապես ընտրակաշառք չենք բաժանել»: