Ոչ թե ջենթլմենական խոստում, այլ քրեական խիստ պատիժ. ՕԵԿ-ականի առաջարկը
ԱԺ «Օրինաց երկիր/Հայկական վերածնունդ» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը կողմ է Դաշնակցություն խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի առաջարկին` ընտրություններից առաջ ջենթլմենական համաձայնագիր ստորագրելու մասին: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց Մարգարյանը:
Բայց, նրա խոսքով, դրան զուգահեռ պետք էր քրեաիրավական դաշտում պատասխանատվության ենթարկել ընտրակեղծարարներին, մինչդեռ ներկայացված ու երեկ առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծով վարչական պատասխանատվություն է սահմանվում:
«Ոչ թե ջենթլմենական փաստաթուղթ պետք է ստորագրել, ոչ թե տղամարդավարի խոստումներ տալ, այլ քրեական իրավական դաշտում խիստ պատիժներ պետք է սահմանել: Եթե խորը ուսումնասիրեք, կտեսնեք, թե ինչ է ներկայացվել, օրինակ եթե քվեատուփը գողանում են նախատեսվում է երկու հարյուր հազար պատիժ», -հայտարարեց Մարգարյանը:
Մինչդեռ ըստ ՕԵԿ-ական պատգամավորի, արկղը, որում պարունակվում են քվեարկության արդյունքները, կարող է հափշտակել պարտվող քաղաքական ուժը, պետք է խիստ, քրեական պատիժ սահմանել:
«Քվեատուփը գողացողին առաջարկում են վարչական պատիժ սահմանել, և նա գումարը կտա ու կազատվի պատժից», -հավելեց բանախոսը:
Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում մեծ աղմուկով ու հապշտապորեն ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծին, Մարգարյանը հայտարարեց, որ այն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումներով:
«Քվեարկությունից առաջ մենք ցանկանում էինք քսան րոպե ընդմիջում վերցնել, բայց թույլ չտվեցին, և օրինագիծն ընդունվեց կոպիտ խախտումներով: Բացի այդ մեզ հնարավորություն չտրվեց քննարկել նաև օրինագծի հետ ներկայացված նախագծերը: Դրանք մեր կարծիքով շատ կարևոր էին», -հայտարարեց Մարգարյանը:
Հիշեցնենք` Աղվան Վարդանյանը Դաշնակցության անունից առաջարկել էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրեն ջենթլմենական համաձայնագիր, որի համաձայն, ոչ իրենք և ոչ էլ իրենց տարածքային կառույցները ընտրակաշառք չեն բաժանելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին