«Ծնողները պետք է երեխայի մեջ դաստիարակեն, որ ամոթ է, անհարմար է ծառայությունից խուսափելը»
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մենք ավելի շատ սկսեցինք պատկերացնել, թե ինչ խնդրի առջև ենք կանգնած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ, հինգ տղաների մայր Մարգարիտա Հովսեփյանը:
«Ծնողները պետք է ընտանիքում երեխայի մեջ դաստիարակեն, որ ամոթ է, անհարմար է ծառայությունից խուսափելը և անկախ սոցիալական պայմաններից՝ բոլորը պետք է ծառայեն»,-նշեց նա:
Հանդիպմանը ներկա Դուշման Վարդանի քույրը, Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանն էլ վերհիշելով այն տարիները, երբ եղբայրը կամավոր մեկնեց Աֆղանստան՝ դառնալու մարտունակ զինվոր, իրենց տանը եղել է այսպիսի գաղափար «չկա հին և նոր թուրք, կա թուրք, որը միշտ ցանկանում է կորսուցանել հայը»:
«Եղբայրս ասաց, ուսուցչուհի ես դառնալու, միշտ հիշիր, հայ երեխային երբեք չասես քարի մեջ արյուն կա: Դա ասում էր մեր այն ժամանակվա երեխաների համար, որպեսզի անվախ մեծանան: Այսօր մեր երեխաներն ավելի համարձակ են դարձել, լավ սերունդ է մեծանում»,-նշեց Արմինե Ստեփանյանը:
Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Հասմիկ Սահակյանն էլ ասաց, որ երբեմն հայրենիքը վերջանում է տան շքամուտքով. «Պետք է երեխայի մեջ հայրենիքն այնպես ներկայացնել, որ դա սին պատրանք չլինի»: