15 տարի հետո, երբ մենք թոշակի գնանք, եկող սերունդը պետական կյանքում կառաջնորդվի այլ՝ նոր սկզբունքներով. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Գաղութատերերի կողմից դաստիարակված էլիտան իր ժողովրդի առաջին թշնամին է»: Այդ միտքն էր արտահայտել Մահաթմա Գանդին՝ որոշակի ջրբաժան դնելով անկախության համար պայքարող իր երկրի քաղաքացիների միջև: Հնչում է շատ գեղեցիկ, բայց Լոնդոնում իրավաբանի կրթություն ստացածի համար բավականին վիճահարույց է: Այսինքն՝ ինքը՝ Գանդին, չէր կարող անմասն մնալ գաղութատերերի մշակութային և քաղաքակրթական ազդեցությունից: Դրանք մետրոպոլիայի քաղաքական ազդեցության անբաժանելի մասն են: Ուրիշ հարց, որ գիտակից մարդիկ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում, փորձում են այդ քաղաքական ազդեցությունից ձերբազատվել:
1965 թվականից հետո խորհրդային Հայաստանի կուսակցական և մտավորական վերնախավը՝ դաստիարակված լինելով, այո, գաղութատերերի կողմից, սկսեց, այնուամենայնիվ, բարձրաձայնել մեր ազգային խնդիրները: Իհարկե, դա արվում էր Մոսկվայի թույլտվությամբ և Կենտրոնի կողմից գծած սահմաններում: (Այն անհատները, որոնք ի պատիվ իրենց, դուրս էին գալիս այդ սահմաններից, դաժան կերպով հետապնդվում էին խորհրդային իշխանությունների կողմից):
Եկավ նոր սերունդը, որը նույնպես մասամբ դաստիարակվել է նույն գաղութատերերի կողմից, բայց մյուս կողմից՝ հասկանալով, որ պիտի ապրի բոլորովին այլ պետության մեջ, այս կամ այն ինտենսիվությամբ ու հաջողությամբ փորձում էր «ինքնադաստիարակվել»: Այդպիսին է իմ սերունդը, որի կյանքը «կիսվել է» գաղութային և ոչ գաղութային ժամանակաշրջաններով:
Այսօրվա 20-25 տարեկանները չունեն այդ «երկվությունը», չունեն անձնական նոստալգիկ հիշողությոյւններ, ծնվել և մեծացել են հայկական, լավ թե վատ վատ պետությունում: 15 տարուց հետո, երբ մենք թոշակի գնանք, իսկ նրանք լինեն որոշումներ ընդունողների շարքում, այդ՝ եկող սերունդը պետական կյանքում կառաջնորդվի բոլորովին այլ՝ նոր սկզբունքներով: Մնում է, որ այդ մեր ակտիվ 15 տարիների ընթացքում մենք մեր երիտասարդների շատ չհիասթափեցնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին