Կասորլա. «Մենք պետք է ավելի խելացի գործենք»
«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան կարծում է, որ իր թիմը պետք է ավելի կայուն հանդես գա: «Արսենալը» կորցրել է չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունը և այժմ ընթանում է իր համար սովորական դարձած 4-րդ հորիզոնականում:
«Այս մրցաշրջանում տանը զիջեցինք «Սուոնսիին», չկարողացանք հաղթել «Կրիստալ Պելասին»: Դա խանգարեց՝ հաղթելու առաջնությունում: Իհարկե, պետք է ինչ-որ բան փոխենք: Պետք է ավելի կայուն հանդես գանք,- Կասորլայի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Լավ մենթալիտետ ու փիլիսոփայություն ունենք, քանզի միշտ ցանկանում ենք գրոհել: Բայց պետք է ավելի գրագետ գործենք: Եթե հաղթում ենք 1:0 հաշվով, պետք է պաշտպանվենք ու միավորներ վաստակենք:
Չեմպիոնի կոչմանը տիրանալու գերազանց հնարավորություն ունեինք, ուստի հիասթափված ենք: Բայց սա ֆուտբոլ է, և անհրաժեշտ է նայել ապագային:
Այս մրցաշրջանի համար բոլորս ենք պատասխանատվություն կրում: Երբ հաղթում ենք, միասին ենք հաղթում, նաև միասին ենք պարտվում»: