Համակարգչային դասընթացներ՝ մեծահասակների համար
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մայիսի 10-ից սկսվում է մեծահասակների համար նախատեսված համակարգչային տարրական գիտելիքների ձեռբերման դասընթացների երկրորդ փուլը: Այս մասին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Մեծահասակները հաճախ զգուշանում են համակարգչից և ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաև մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելու համար: Կենտրոնի կողմից արդեն երկրորդ անգամ նախատեսվող դասընթացին մասնակցելու արդյունքում մեծահասակները հնարավորություն կունենան ինքնուրույն հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն), կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով և այլն:
Ըստ աղբյուրի՝ նախորդ 20 ժամյա դասընթացին մասնակցած 15 մեծահասակ մասնակիցներ ծրագրի արդյունքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից ստացել են հավաստագրեր:
Նշենք, որ դասընթացին միանալու համար համակարգչային գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այս դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու որևէ գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն մեծ ցանկություն ձեռք բերելու համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում: Ավելացնենք, որ դասընթացը սոցիալական է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին