Ռուսաստանի հետ պետք է ճշտենք մեր հարաբերությունները. Հովհաննես Իգիթյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ Ադրբեջանը հրադադարի պայմանավորվածությանը հաջորդած օրերը օգտագործեց վերազինվելու համար, և դա, ըստ նրա, արեց Ռուսաստանի աջակցությամբ:
«Լավրովից մենք ոչ թե դիվանագիտական առաջարկներ պետք է սպասեինք, այլ ամեն ինչ պետք է սկսվեր այն բանից, որ իրերը կոչվեին իրենց անուններով: Լավրովը պետք է Բաքու մեկներ այն փաթեթով, որ Ադրբեջանն է խախտել բանակցային գործընթացը: Բայց, հակառակը, Ադրբեջանն այս օրերն օգտագործեց լրացուցիչ զենք բերելու և նոր դիրքերում ամրապնդվելու համար: Փաստորեն ստացվեց, որ Ռուսաստանի ամբողջ ջանքերն օգնեցին Ադրբեջանին»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման տաղավարում անդրադառնալով Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողություններին և դրանց հաջորդած զարգացումներին, կարծիք հայտնեց Իգիթյանը:
Նրա կարծիքով, ապրիլի 2-ը ցույց տվեց, որ անվտանգության առումով Ռուսաստանի հետ մեր ունեցած հույսերն իզուր էին: Միաժամանակ, Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ հակառուսական «հիստերիա» անել պետք չէ, սակայն Ռուսաստանի հետ պետք է ճշտենք մեր հարաբերությունները:
Իգիթյանի կարծիքով՝ մեր դիվանագիտությունը, Ռուսաստանից բացի, պետք է աշխատի նաև այլ՝ քաղաքակիրթ երկրների հետ, որոնցում հասարակական կարծիքը մեծ դեր ունի և այն, ըստ նրա, ավելի շատ պրոհայկական է:
«Մենք պետք է ի վերջո կարողանանք օգտագործել հայկական սփյուռքի ներուժն ու օտարերկրյա պետությունների մեզ համակրող պաշտոնյանների հետ կապերը՝ ի նպաստ մեր հարցի: Եթե հայ-ռուսական հարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի մեջ կան կետեր, որոնք մեզ խանգարում են ռազմական տեսակետից հարաբերություններ ունենալ այլ երկրների հետ, ուրեմն այդ կետերը պետք է հանել: Պետք է վերանայել Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանները»,-հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում