Անդրե Աղասին ցուցադրական հանդիպում կանցկացնի
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին հուլիսի 31-ին Ատլանտայում կայանալիք ATP մրցաշարի շրջանակներում ցուցադրական հանդիպում կանցկացնի «Ռոլան Գարոսի» կրկնակի չեմպիոն իսպանացի Սերխի Բրուգերայի հետ:
Այս հանդիպումը կհիշեցնի հեռավոր 1996 թ.-ը, երբ նույնպես Ատլանտայում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի եզրափակչում մրցեցին այս երկու թենիսիստները: Այն ժամանակ Աղասին հաղթեց 6:2, 6:3, 6:1 հաշվով:
«Հետաքրքիր կլինի 20 տարի անց վերապրել նույն զգացողությունները: Իհարկե, տնային օլիմպիադայում հաղթողի կոչումը նվաճելն իմ մարզական կարիերայի ամենավառ էջերից մեկն է»,- նշել է Աղասին: