Հայաստանում 2015թ-ին աշխատավայրերում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ
Ըստ ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2015թ. արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար: 1 000 աշխատողի հաշվով (նրանց թվաքանակը հաշվարկված է ըստ ներկայացված հաշվետվություններում բերված աշխատողների միջին ցուցակային թվաքանակների) տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ արձանագրված դժբախտ դեպքերից 10-ը տեղի է ունեցել Երևանում, 22-ը՝ Սյունիքի մարզում, 7-ը՝ Լոռու մարզում, 4-ը՝ Գեղարքունիքում, մեկական դեպք՝ Արարատի և Արմավիրի մարզերում:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով նախորդ տարի զոհվել է 5 մարդ: Նշենք, որ, ըստ ԱՎԾ-ի, 2014թ-ին զոհվել էր 9 մարդ:
Դժբախտ պատահարների հետևանքով Երևանում և Սյունիքի մարզում 1-ական տղամարդ դարձել է I, Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ II խմբի հաշմանդամ: Աշխատանքի գնալու ճանապարհին Երևանում տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար`տուժել է 2 կին:
Դժբախտ պատահարների վիճակագրությունը` ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է . հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում գրանցվել է 33 դեպք (մահացել է 4 մարդ), մշակող արդյունաբերություն` 4, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 3 դեպք, տեղեկատություն և կապ` 2 դեպք, 1-ական դեպք էլ գրանցվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, փոխադրումների և պահեստային տնտեսության, կացության և հանրային սննդի կազմակերպման ժամանակ:
Ըստ ԱՎԾ-ի՝ աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2015թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդ–օրերի գումարային քանակը կազմել է 2 068: