Արամ Ավագյան. «Ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտում մրցավարը գողացավ հաղթանակս»
Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտված օլիմպիական վարկանշային մրցաշարում հայ բռնցքամարտիկները պատվով հանդես եկան` ձեռք բերելով օլիմպիական 4 ուղեգիր: Դրանցից մեկին արժանացավ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը: Հայ բռնցքամարտիկը կարող էր այս մրցաշարում ավելին անել, սակայն մեզ հետ զրույցում պատմեց սպորտում առկա այն խնդիրների մասին` ի դեմս մրցավարների, որոնք մինչ օրս կարևոր ու վճռորոշ պահերին իրենց որոշումներով խանգարում են մարզիկներին` ավելորդ լարվածություն առաջացնելով մրցաշարերի ու հատկապես առանձին մարզիկների մրցելույթների ժամանակ:
- Անկեղծ ասած` ընդհանուր մթնոլորտը լավ էր։ Լարվածություն չկար։ Անցկացրել եմ 4 մենամարտ։ Կիսաեզրափակչում հանդիպեցի ադրբեջանցի բռնցքամարտիկ Ջավիդ Չալաբիևի հետ: 2012 թ. Եվրոպայի առաջնության ժամանակ, կիսաեզրափակիչ փուլում, հաղթանակ էի տոնել նրա նկատմամբ: Մինչ նրան հանդիպելը հաղթել էի թուրք բռնցքամարտիկին, ով նույնպես հաղթել էր ադրբեջանցուն բացահայտ առավելությամբ` սիրողական բռնցքամարտի պրոֆեսիոնալ լիգայում: Կարծում եմ այդ ամենը հաշվի առնելով` նրանք ավելի լավ էին նախապատրաստվել: Մեր մենամարտի ժամանակ ռինգի մրցավարն անհասկանալի կերպով երկու անգամ միավոր հանեց ինձանից: Եթե մրցավարը չխանգարեր, հանդիպումն այլ կերպ կընթանար` առանց ավելորդ լարվածության, իսկ երբ քեզանից միավոր են հանում, դու ուղղակի հասկանում ես, որ գողանում են հաղթանակդ: Այնուամենայնիվ, ուրախ եմ,որովհետև այն ինչի համար մեկնել էի, ձեռք եմ բերել և այժմ պատրաստվում եմ օլիմպիական խաղերին։
- Ինչպե՞ս եք նախապատրաստվում Ռիոյի օլիմպիական խաղերին:
- Դեռ պարզ չէ: Կպատրաստվենք այնպես, ինչպես կորոշեն հավաքականի գլխավոր մարզիչը և ֆեդերացիայի նախագահը։ Մինչ օլիմպիական խաղերը կանցկացնենք մի քանի հավաքներ և հուլիսի վերջին կմեկնենք Ռիո։ Խոստումներ չեմ ուզում տալ,բայց մենք մեկնում ենք միմիայն մեդալ նվաճելու համար։
- Ելնելով բռնցքամարտի ներկայիս վիճակից, ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել օլիմպիական խաղերում:
- Ներկայումս բռնցքամարտում թույլ երկիր չկա, բոլորը տիրապետում են այս մարզաձևին։ Հայաստանում պայմաններն իդեալական են, մեզանից միայն պահանջվում է լավ պատրաստվել ու լավ հանդես գալ օլիմպիադայում։
- Ո՞ւմ ես համարում քո հիմնական մրցակիցն օլիմպիադայում և խոշոր այլ առաջնություններում:
- Դա այն հարցն է,որին նախօրոք չեմ կարող պատասխանել, քանի որ վիճակահանությունից հետո պարզ կդառնան մրցակիցներիս անունները: Իսկ քանի որ այսօր բոլոր երկրներն էլ այս մարզաձևում բավականաչափ ուժեղ են` մարզիկներից որևէ մեկին առանձնացնել չեմ կարող:
Հիշեցնենք, որ Արամ Ավագյանից բացի Սամսունի մրցաշարում Ռիո 2016-ի ուղեգրեր են նվաճել նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ