Նախարարության ներկայացուցիչը՝ գործազրկության «ստվերի» մասին
Աշխարհի որևէ երկիր չկա, որտեղ ստվերային զբաղվածություն, անօրինական աշխատանք չկա: Բայց միայն պետական հսկողությամբ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի, այսինքն՝ ունենալ ոչ ֆորմալ զբաղվածության նվազագույն, կամ ընդունելի շեմ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի Աշխատանքային օրենսգրքով սահմանված են պետական վերահսկողության մեխանիզմներ աշխատանքային հարաբերությունների նորմերի կատարման նկատմամբ, բացի այդ կա նաև ոչ պետական վերահսկողություն, որն իրականացվում է արհմիությունների կողմից: Ըստ Թ.Ավետիսյանի, հարկային պետական ծառայությունը ևս ունի հստակ սահմանված գործառույթներ և որպես եկամտային հարկի օբյեկտ, հսկողություն է իրականացնում աշխատողներին հիմնական, լրացուցիչ աշխատավարձի, դրանց հարկման նկատմամբ, ըստ անհրաժեշտության՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում, կիրառում վարչական պատասխանատվության միջոցներ:
Ասուլիսին ներկա Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը նշեց, որ աշխատանքային հարաբերություններում գոյություն ունեցող ստվերը 2015 թ. Վիճակագրական ծառայության տվյալներով կազմում է 49 տոկոս, գործազրկության մակարդակը՝ 17 տոկոս, որն ամենաբարձրն է ԱՊՀ երկրներում:
Թ.Ավետիսյանն ասաց, որ 49 տոկոսը դա ոչ թե առանց պայմանագրի աշխատողների տեսակարար կշիռն է ընդհանուր աշխատողի մեջ, այլ դրա մեջ մտնում են աշխատողներ, որոնց աշխատավարձի մի մասն է ստվերում, նաև գյուղատնտեսության մեջ զբաղվածները, որոնք այս կամ այն կերպ ձևակերպված չեն:
Ինչ վերաբերում է 17 տոկոս գործազրկության մակարդակին, պետական պաշտոնյան նշեց, որ դրա մեջ ընդգրկված են մարդիկ, ովքեր այսօր աշխատում են, բայց գրանցված չեն, վարձու աշխատող են կամ ինքնազբաղված, իրականացնում են փոքր ձեռնարկատիրություն: